Բարի օր Հասարակություն 

Ինչքան շատ են կանայք ներգրավված քաղաքականության մեջ, այնքան քիչ է կոռուպցիան տվյալ երկրում

analitik.am

Մեծ թվով կանանց ներգրավումը երկրի քաղաքական ոլորտում  կնպաստի տվյալ երկրում կոռուպցիայի վերացմանը։ Այս մասին հայտնում են Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի «Լե Մոյենի» քոլեջի ամերիկյան տնտեսագետները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Economic Behavior and Organisation» ամսագրում:

«Այս ուսումնասիրությունն ընդգծում է կանանց իրավունքների ընդլայնումը և նրանց հնարավորությունները, ինչպես նաև կառավարման որոշումների կայացման մեջ նրանց ներկայության կարևորությունը»,- ասել է տնտեսագիտության պրոֆեսոր Սուդիպտա Սարանգին:

Ըստ ուսումնասիրությունների, պարզվում է, որ ինչքան շատ են կանայք ներգրավված քաղաքական գործընթացներում և ինչքան շատ է նրանց ազդեցությունը կարևոր որոշումների կայացման վրա, այնքան քիչ է կոռուպցիան երկրում: Սա կապված է կանանց և տղամարդկանց ընտրած կառավարման ձևի հետ: Կանայք ավելի շատ կենտրոնացած են այն խնդիրների լուծման վրա, որոնք կնպաստեն կանանց, երեխաների և ընտանիքների բարեկեցությանը: Կանայք շեշտադրում են կատարում  առողջապահական և կրթական ծրագրերի վրա, ինչի արդյունքում ստեղծվում է ավելի առողջ և կրթական բարձր ցենզ ունեցող հասարակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիայի նվազմանը: Ըստ հետազոտողների, ինչքան բարձր է երկրում կրթության որակը, այնքան քիչ են կոռումպացված քաղաքական գործիչները:

Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ եթե կանայք և տղամարդիկ հավասար չափով ներգրավված լինեն քաղաքական գործընթացներում, ապա նրանց միջև առկա սեռային տարբերությունները կարող են անհետանալ՝ նշելով, որ եթե կանանց իշխանություն տրվի, ապա նրանք կարող են դա չարաշահել, սակայն  ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս հակառակը`ինչքան բարձր է կնոջ սոցիալական դիրքն այս կամ այն երկրում, այնքան քաղաքական գործիչների սեռային տարբերություններն ավելի ուժեղ են  արտահայտված:

Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ կոռուպցիայի մակարդակը կնվազի, եթե կանայք հասարակության մեջ ունենան տղամարդկանց հավասար սոցիալական դիրք:

Նշենք, որ Շվեդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի խորհրդարանում կանանց թիվը կազմում է 40-44%:

Նույն շարքից