Հասարակություն 

«Վստրեչի Ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

analitik.am

Արամ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խստիվ պահպանմամբ: Այս մասին հայտնեցին Հատուկ Քննչական ծառայությունից:

«Հաշվի առնելով 19.06.2018թ.-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, հարկ ենք համարում հայտնել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից