Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն դուրս եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդից. Պարզաբանում է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը

analitik.am

«Գոյություն ունի միջազգային կազմակերպություն, որի անդամների թվում են այնպիսի ռեպրեսիվ ռեժիմներ՝ ինչպիսիք են Կուբան, Վենեսուելան և Չինաստանը », -  The Wall Street Journal-ի հոդվածում գրում է ԱՄՆ-ի՝ ՄԱԿ-ում  մշտական ներկայացուցիչ Նիկկին Հեյլին:

«Այս կազմակերպությունը վերջերս իր անդամների թվին է ավելացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, որը խոչընդոտում է իր պետության սահմաններում կատարված սպանության բացահայտմանը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով երկու փորձագետների սպանության մասին է խոսքը: Վերջին տաս տարում այս կազմակերպությունն ընդունել է ավելի շատ Իսրայելին քննադատող բանաձևեր, քան Իրանին, Սիրիային և Հյուսիսային Կորեային քննադատող բանաձևերը միասին վերցրած»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունը մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհուրդն է:

«Այս թերությունները կանխելու ուղղությամբ մեկ տարուց ավել տևած ապարդյուն աշխատանքից հետո ԱՄՆ պատվիրակությունը հայտարարեց Խորհրդից  դուրս գալու մասին: Մեր պետությունն այլևս չի լինելու նման աշխատանքի մասնակից, որն ավելի շատ վնասում է մարդու իրավունքներին, քան օգուտ բերում : Մենք նախկինի պես լինելու ենք Բիրմայի, Չինաստանի, Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի, Հարավային Սուդանի, Կուբայի, Վենեսուելայի և այլ բազմաթիվ վայրերի ճնշված ժողովուրդների պաշտպանը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է պայքարը Խորհրդի բարելավման համար:

Հեղինակը նշում է. «ԱՄՆ-ն չի պատրաստվում իր համակարգը պարտադրել ինչ-որ մեկին: Սակայն, մենք  աջակցում ենք համամարդկային արժեքներին՝ ազատության և մարդու իրավունքների մասով: Մենք այդ արժեքների օգտին կարտահայտվենք յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում: Ահա թե ինչու ենք մենք դուրս գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով Խորհրդից՝ կազմակերպությունից, որն արժանի չէ  իր անվանը: Սակայն, նույնիսկ մեր գնալուց հետո մեր նվիրվածությունը մարդու իրավունքներին մնում է ավելի ամուր, քան երբևէ, իսկ մեր խոսքն էլ ավելի բարձր է հնչելու »,- եզրափակել է Հեյլին:

Նույն շարքից