Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԱԾ կարմիր գլխարկների վարչությունը ցրեցին, որ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը չլինի վարչության պետ. Վարդանով

Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ԱԱԾ-ում կազմալուծվեց, այսպես կոչված, կարմիր գլխարկների վարչությունը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը՝ Միշան, ով այդ վարչության պետն էր, չլինի այդ պաշտոնում:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին, Վարդանովն ասաց, որ նա միշտ է ոչ հաճելի կերպար եղել, սակայն չի ուզում շակալի տպավորություն թողնել և ասել այդ մասին հիմա, երբ բոլորն են ասում. «Ես այդ մասին ասել եմ այն ժամանակ, երբ բոլորը նրան զորավար էին ասում»:

Վարդանովի խոսքերով, ինքը չի ուզում, որ վերոնշյալի օրինակով Մանվել Գրիգորյանի պատճառով ԵԿՄ-ն դադարի գոյություն ունենալուց: Ազատամարտիկն ընդունում է, որ ԵԿՄ-ն հիվանդ է, որը պետք է բուժել և ծառայացնել Հայաստանին. «Ես միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին և կառույցի ղեկավարությանը ճիշտ չաշխատելու համար, բայց չեմ ասել, որ ԵԿՄ-ն չպետք է լինի»:

Խոսելով ԱԱԾ-ի գործունեության մասին՝ Վարդանովը հայտարարեց, որ այդ կառույցը դեռ շատ անելիք ունի, ինչի համար հսկայական միջոցներ են պետք: Նրա խոսքերով, պետք է բյուջեից հսկայական փողեր տրամադրել ԱԱԾ-ին և օժանդակել նաև արտաբյուջետային ֆոնդերով՝ հնարավորություն տալով աշխատել. «Տեսեք, մինչև Փաշինյանի վարչապետ ընտրվելը մի խումբ բացահայտվեց, որտեղ մեր կազմակերպությունից (ՈՄԱ) մարդ կար, ինչի համար ցավում եմ, քանի որ հայի արյուն թափելու իրավունք ունի միայն թուրք, ում պետք է զրկել այդ իրավունքից: Հենց այդ խումբը ձերբակալվեց, միանգամից հրապարակայնացրեցին, կարծում եք ավելի շատ գաղտնիք պահելու խնդիր չկա՞ր: Այսօր իրենց փիառ անելու խնդիր ունեն բոլորը, մանավանդ հիմա ամեն ինչ փիառի վրա է, ամեն ինչ խոսելու վրա է: Իսկ իրանք ցույց են տալիս, թե ոնց են բռնում Մանվելին, ում թաղային տեսուչն էլ կարող էր բռնել, եթե հատուկջոկատայինները կողքը կանգնած լինեին»:

Հարցին, թե ինչ պետք է աներ ԱԱԾ, պետք է չբռնե՞ր Մանվել Գրիգորյանին, Վարդանովի կարծիքով,   թող  ԱԱԾ-ից մի հոգի գնար թաղային ոստիկանի կողքը կանգներ, և Մանվել Գրիգորյանը սուսուփուս կնստեր ավտոմեքենան: Վարդանովի կարծում է, որ Մանվել Գրիգորյանին բռնելն ԱԱԾ-ի գործը չէր. «ԱԱԾ-ն զբաղվում է դրսի վտանգներով, իսկ ներսի վտանգները, որոնցով պետք է զբաղվի, հավասարեցված են դրսի վտանգների հետ՝ ահաբեկչություն և այլն»:

 

 

Նույն շարքից