Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կառավարությունն արտոնություն տվեց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը

ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ընկերությունը նախատեսում է գործունեություն իրականացնել գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարևոր համարվող հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար: Այս համակարգի ներդրման համար ընկերությունը պատրաստ է կատարել 2.25 մ,իլիարդ ՀՀ դրամի ներդրում, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 24 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 2018-2020 թվականների համար 320 հազար ՀՀ դրամ: Մինասյանը նշեց, որ ի նկատի ունենալով, որ ՀՀ-ում առաջին անգամ է կազմակերպվում այսպիսի արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում, առաջարկեց հավանություն տալ:

ՀՀ վարչապետ Փաշինյանը հարցրեց. «Այսպիսի որոշումների կայացման համար  կա՞ն որոշակի սահմանված չափանիշներ, այսինքն, սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող՝ այսինքն, եթե որևէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է, կառավարությունն այդ որոշումը կայացնում է, եթե չի համապատասխանում՝ չի կայացնում»: Երկրորդ հարցը, որը տվեց Փաշինյանը, վերաբերում էր նրան, որ արդյոք այդ որոշման կայացման դեպքում նպաստում են, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիների համար:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ սահմանված կառավարության որոշմամբ 6 չափանիշ կա, որով գնահատվում է ցանկացած ծրագիր:

Հարցեր տալու իրավունքից օգտվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով  ասաց, որ դատախազությունն ուսումնասիրել է և հայտնաբերել կազմակերպություններ, որոնք օգտվել են այս արտոնություններից, սակայն հետո սնանկ են ճանաչվել,  հետևաբար պետք է դատախազությունը նույնպես ներգրավվի քննարկումներում, որպեսզի հետագայում թույլ չտան կազմակերպություններին չարաշահումներ կամ այլ բացեր ունենալ, ինչի արդյունքում պետությանը կպատճառվի վնասներ:

Մինասյանը պատասխանեց, որ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը պետք է տարանջատել այլ հարկային արտոնություններից, որովհետև դա բյուջեին տրվող ժամանակավոր միջոց է, ուստի սա խթանիչ գործունեություն է, այլ ոչ թե պետությանը վնաս պատճառելու միջոց:

ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է ուշադիր լինել,  եթե մոնիտորինգի ընթացքում պարզվի, որ կազմակերպությունն առողջ չէ, ապա պետք չէ սպասել, որ այն գնա, սնանկանա, հետո պարզվի, որ պետությանը վնաս է տրվել:

Քննարկումների արդյունքում որոշումն ընդունվեց՝ «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգվեց:

 

Նույն շարքից