Քաղաքականություն 

Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը

analitik.am

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին ներկա գտնվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը և Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր խոսքում անդրադառնալով հետընդունման համաձայնագրի կիրառման արդյունքներին, ընդգծեց. «Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև հոգեբանական ասպեկտները: Ջանքեր են ներդրվել նաև Հայաստանի կառավարությանն առնընթեր գործակալությունների կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ սեփական վերաինտեգրման քաղաքականություն մշակելու նպատակով: Հետընդունումը և վերաինտեգրումը ընկած են շարժունակության գործընկերության հիմքում։

Մենք նաև առանձնահատուկ կարևորություն ենք տալիս իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Եվ մեր իրավապահ մարմինները պատրաստ են շարունակել ԵՄ անդամ-պետությունների հետ համագործակցությունը բոլոր բաց հարցերի շուրջ: Մենք շատ ջերմ և պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության և Բենիլյուքսի երկրների հետ: Կիրարկման մասին ստորագրվելիք արձանագրությունն արժեքավոր լրացում կդառնա առկա իրավական դաշտին և անշուշտ առավել դյուրին կարգավորվող կդարձնի հետընդունմանն անչվող գործընթացները»:

Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի և ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու և իրենց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատեց որպես չափազանց կարևոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում:

Նույն շարքից