Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սթափվեք, տիկնայք և պարոնայք. Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել

Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»:

Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ և դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որևէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբևէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաև նշված կիսակառույց շինությունը նշված են իմ  հայտարարագրում, որը բաց է եղել և հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Մշտապես հայտարարել եմ, այժմ էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես բաց եմ օրենքով սահմանված ստուգումների համար: 10 տարի ծառայել եմ և շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն: Երբևիցե ուղիղ կամ միջնորդավորված պետական գնումների որևէ գործընթացի չեմ մասնակցել, որևէ ապրանքի ներկրման և արտահանման գործարքում նույնիսկ միջնորդավորված չեմ եղել: Եթե կապացուցվի, որ ես երբևէ անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել եմ հանրային միջոցներից, պետական բյուջեից, երբևէ մասնակցություն եմ ունեցել որևէ անօրինական գործարքի կամ եղել եմ որևէ կոռուպցիոն սխեմայում, պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե որևէ մեկը կփորձի արատավորել իմ անունը և մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում: Սթափվեք, տիկնայք և պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

  • 191
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
    194
    Shares

Related Articles