Հասարակություն 

Մեր նպատակն է, որ Սասնա ծռերը լինեն ազատության մեջ. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց չափից դուրս շատ է կիրառվում: Այսօր՝ հունիսի 22-ին,  Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են խմբակցության պատգամավորներն այսքան շատ միջնորդություն ներկայացնում Սասնա ծռեր խմբի անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:

Հիշեցնենք, որ այսօր Զոհրաբյանի և Ծառուկյան խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջնորդությամբ ամենայն հավանականությամբ ազատ կարձակվեն խմբի անդամներից ևս երկուսը՝ Թաթուլ Թամրազյանը և Գևորգ Իրիցյանը:

Զոհրաբյանի խոսքերով, ակնահայտ է, որ գործում կա քաղաքական ենթատեքստ. «Մեր նպատակն է, որպեսզի նրանք լինեն ազատության մեջ, փոխվի խափանման միջոցը և կարողանան անկաշկանդ մասնակցել դատական գործընթացներին: Ես հույս ունեմ, որ այն Հայաստանում, որում մենք այսօր ապրում ենք, դատավորները ոչ թե սպասելու են ինչ-որ զանգերի, այլ միակ պատասխանատուն լինելու իրենց խիղճը և ՀՀ քրեական օրենսգիրքը»:

Ինչ վերաբերում է սպանված ոստիկանների հարազատների արձագանքին, Զոհրաբյանն ասաց, որ գլուխ է խոնարհում բոլորի առջև. «Ես՝ ինքս, մասնակցել եմ ոստիկանների հոգեհանգստին, հուղարկավորությանը: Խնդրում եմ հարազատներին մեր միջնորդությունը չընկալել իրենց դեմ ուղղված քայլ: Իրենց վիշտն ու վրդովմունքն հարգելի է և ընկալելի: Մենք ընդամենը փոխում ենք այս տղաների խափանման միջոցը, մնացածն արդեն դատարանի որոշելիքն է, և դատարանը կորոշի, թե ով է մեղավոր»:

Հարցին, թե որքանով է ինքը վստահ, որ խմբի անդամները չեն խուսափի նիստերին մասնակցելուց, Զոհրաբյանն ասաց՝ եթե կինը գալիս է և երաշխավորում է, այդ երաշխավորությունը չի խախտվելու:

Նույն շարքից