Առողջապահություն Հասարակություն 

Պետական պատվերով դեղերի ձեռքբերումն ու բաշխումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության առանցքում

analitik.am

Հայաստանյան առողջապահական համակարգում բարեփոխումները կշարունակվեն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրերի շարունակման և դրանց նոր թափ հաղորդելու միջոցով: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար Լայլա Բաշանի հանդիպման ժամանակ:

Միջազգային այս կառույցը Հայաստանի հետ համաձայնագրի շրջանակներում օժանդակում է առողջապահության նախարարությանը՝ արտահիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի  բուժման որակի բարելավում, մոր և մանկան, ինչպես նաև վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիության բարձրացում:

Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է համատեղ ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը, քանի որ ծրագրային որոշ բաղադրիչներ արդեն մոտ են ավարտին: Դրանք կերկարաձգվեն ու կվերանայվեն: Մասնավորապես, տուբերկուլոզով հիվանդացության իրավիճակի նոր լայնածավալ գնահատում կսկսվի, նաև տան պայմաններում հիվանդների խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոդել կփորձարկվի:

Համատեղ ջանքերն ուղղված են նաև հանրային ծառայությունների մատուցման համակարգն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելուն: Ուստի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կենտրոնացված գնումների համակարգով ձեռք բերվող դեղերի և բժշկական պարագաների լոգիստիկայի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը: Սա քայլ է՝ միասնական համակարգում դիտարկելու պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ձեռքբերման, հատկացման ողջ գործընթացը՝ հանրության համար կարևոր այս հարցը վերահսկողության տակ պահելու նպատակով: Պետպատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացումը և պետգնումների գործընթացն առավել թափանցիկ դարձնելու հարցերը ևս եղել են օրակարգում:

ԱՄՆ ՄԶԳ հետ առողջապահության նախարարության գործակցությունը ներառում է նաև նորածնային խնամքի ծառայությունների որակի բարելավման ծրագրեր: Այս նպատակով կազմակերպվում են բուժաշխատողների վերապատրաստումներ, սահմանվում են նորածնային խնամքի չափորոշիչներ: Գործակալությունը նաև Երևանի և մարզերի 36 հիվանդանոցների տրամադրել է շուրջ 456 հազար  դոլար արժողությամբ սարքավորումներ՝ նպաստելու նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների հիվանդացության և  մահացության մակարդակի նվազեցմանը:

Իսկ լաբորատոր կենսաանվտանգության և վարակների վերահսկման միջոցների բարելավման նպատակով տեխնիկական օժանդակություն կցուցաբվի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի և մարզային մակարդակի 2 լաբորատորիայի:

Քննարկման թեմա է դարձել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը:

Նույն շարքից