Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Բուժհաստատությունների սխալ բուժման արդյունքում առողջությունս էապես վատթարացել է. Հասմիկ Եղիազարյանի պահանջը՝ Նաիրի ԲԿ-ից և կառավարությունից

analitik.am

Analitik.am-ի խմբագրությանն է դիմել Հասմիկ Եղիազարյանը, ով մեր թղթակցին  ներկայացրեց, թե ինչ անուշադիր վերաբերմունք է եղել  իր նկատմամբ բուժհաստատությունների կողմից, ինչի պատճառով  էապես վատթարացել է վերջինիս առողջական վիճակը: Ներկայացնում ենք նրա բողոքն ու պահանջն  ամբողջությամբ.

«2014թ.-ին առողջական խնդիրների պատճառով դիմել եմ Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ պարզվեց, որ լեղածորանում քար կա և պետք է վիրահատվեմ։ Սակայն, վերջում պարզվեց, որ լեղածորանում ոչ մի քար էլ չի եղել, հետևաբար վիրահատության կարիք ևս չկար։ Ժամանակ անց սուր արտահայտված ցավերով Նաիրի բժշկական կենտրոնում, բուժ.օգնություն ստանալու նպատակով, գտնվել եմ երկու օր։ Այնտեղ տեղափոխվելուց հետո բժիշկները երկու օր չեն հետևել իմ առողջական վիճակին, ինչի հետևանքով ինձ մոտ սկսվեց ամբողջ մարմնի այտուցվածություն։ Նշեմ նաև, որ բժիշկներին բազմիցս նախազգուշացվել է, որ ես ունեմ լեղապարկի հետ կապված խնդիր, մասնավորապես, այն, որ նախկինում ունեցել եմ լեղապարկի երկու վիրահատություն, սակայն այդ ամենին ուշադրություն չեն դարձրել։ Երկու օր անուշադրության մատնվելով, երբ այտուցվածությունից հետո պարզվեց ստացել եմ արյան վարակում, նոր ձեռնարկվեց որոշակի բուժօգնություն, այն է՝ ամբողջ մարմինս փաթաթել-կապելու մեթոդը։ Այտուցվածությունը կանխելու նպատակով իրականացրած այդ միջամտությունը հանգեցրեց վերջույթներումս արյան շրջանառության խանգարման, որի պատճառով հիմա ավելի վատ վիճակում եմ հայտնվել ու բացարձակ չեմ կարողանում քայլել։ Ի դեպ, Նաիրի ԲԿ-ում հիմնական բժիշկներ չկան, ուրիշ բուժ.  հաստատություններից են բժիշկներ բերում, մասնավորապես,  Էրեբունի ԲԿ-ից։

Եվ այդպես Նաիրի ԲԿ-ում մեկ ամսից ավել պառկելով և իրենց անուշադրության հետևանքով ամբողջ այդ մեկ ամսվա ընթացքում անգիտակից վիճակում լինելուց հետո, որոշակի ժամանակ անց նկատվեց ինքնազգացողության լավացում։ Սակայն, հարկ եմ համարում նշել, որ այնտեղ ինձ ամեն օր տանում էին ռենտգենի և ամեն անգամ դրա դիմաց գումար վերցնում, էլ չեմ ասում, որ իրենց մոտ դեղամիջոցներ չկային, ամբողջը ես եմ գնել իմ հաշվին։ Իսկ վերջում, չհաշված ընթացիկ ծախսերը, նրանք պահանջեցին շատ մեծ գումար, որը ես դժվարությամբ վճարեցի։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, իմացանք, որ երկար ժամանակ պառկած լինելու հետևանքով թոքերումս հեղուկ է լցվել, չհաշված այն, որ դրա պատճառով շնչառության հետ կապված խնդիրներ առաջացան։

Թոքերիս հետ կապված խնդրի լուծման համար Էրեբունի ԲԿ-ից կանչեցին պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանին, ով ներարկիչի օգնությամբ թոքերիցս հեռացնում էր կուտակված հեղուկը, բայց հարց է առաջանում, թե բժշկության մեջ ներկայումս ո՞վ է նման մեթոդ կիրառում։ Ամեն անգամ այդ պրոցեդուրաների ժամանակ շնչահեղձ էի լինում և սարսափելի ցավերի մեջ ընկնում։ Այս պրոցեդուրաներն անցնելուց հետո կատարվել է թոքերի վիրահատություն՝ մասնակի  հեռացվել է։ Այնուհետև դուրս եմ գրվել Նաիրի ԲԿ-ից և արդեն 2014 թ.-ի վերջերին, դիմել եմ Էրեբունի ԲԿ, նույն պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանին, ով նույն մեթոդով թոքերիցս հեռացնում էր հեղուկը։ Էրեբունի ԲԿ-ում ևս մեկ ամիս ստացել եմ բուժ. օգնություն և այդտեղ նույնպես վճարել եմ հսկայական գումարներ և դուրս գրվել, սակայն վիճակի բարելավում չի գրանցվել։ Արդեն դուրս գրվելուց որոշ  ժամանակ անց առողջական վիճակս գնալով ավելի վատացավ, ունենում էի գիտակցության կորուստ, ձայնի բացակայություն, շնչահեղձություն։

Պետք է նշեմ նաև, որ ես ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ, որը ոչ մի դեպքում չի անցնում։ Դիմել եմ Ինտերօրթո (Գերմանական Պրոթեզավորման Կենտրոն), որտեղ պետք է ստանայի ոտնաթաթի առաջնային հատվածի պրոթեզավորում, սակայն պրոթեզավորում նշանակող հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ հատվածի համար իրենք չեն տրամադրում պրոթեզ, որ ոտքը թաթից վերև պետք է կտրվի նոր պրոթեզ կտան։ Բացի այդ նշեց, որ այդպիսի վիրահատությունը շատ թանկ է և, բնականաբար, ես չէի կարող այդպիսի մեծ գումար վճարել։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ եթե գումար ունենայի պրոթեզ կտրամադրեին, բայց քանի որ չեմ ունեցել, բնականաբար, մերժեցին։ Դրանից հետո ինձ տվեցին հատուկ կարված կոշիկներ, բայց դրանցով նույնիսկ առողջ ոտքեր ունեցող մարդը չի կարող քայլել։

Պետք է նշեմ նաև, որ Էրեբունի ԲԿ-ում անոթային խնդիրներով զբաղվող Վահե անունով բժշկի եմ դիմել, ով սիրով ինձ ընդունել է և լրիվ անվճար երեք ամիս բուժել է և որի համար ես շնորհակալագիր եմ ուղարկել։

Ես անձամբ Նիկոլ Փաշինյանին և ներկայիս երիտասարդ իշխանությանը խնդրում եմ, որ մեր պես մարդկանց ուշադրություն դարձնեն, ովքեր թալանվել են այսպիսի կառույցներից և հետևողական լինեն այս հարցերին։ Պահանջում եմ նաև, որ Նաիրի ԲԿ-ն վերադարձնի իմ կողմից վճարված ամբողջ գումարը, քանի որ, ըստ պայմանագրում նշված կետի, եթե չեն կարողանում բուժել հիվանդին, ապա պարտավոր են վերադարձնել գումարը։ Մնացած այն բոլոր բուժ.  հաստատությունները նույնպես, որտեղ ոչ մի կերպ չեն կարողացել ճիշտ բուժում տալ ։ Եվ բացի այդ, կցանկանամ, որ հաշմանդամության հետ կապված կարգիս վերաբերյալ մի շարք հարցեր լուծվեն՝ սկսած պրոթեզավորումից, որն այժմ տրվում է անվճար։ Հույս ունեմ, որ արդարություն կլինի և նմանատիպ թալան այլևս չի կրկնվի»։

Նշենք նաև, որ Analitik.am-ի խմբագրությունը պատրաստ է տրամադրել Հասմիկ Եղիազարյանի կոնտակտային տվյալները պետական կառույցներին, եթե վերջիններս հարկ համարեն ուշադրություն դարձնել Եղիազարյանի ներկայացրած հանգամանքներին: Հասմիկ Եղիազարյանը նաև նշեց, որ կարող է տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են իր խոսքերը:

Յանա Մարտիրոսյան 

 

Նույն շարքից