Հայաստան Քաղաքականություն 

Հոգատարություն ու սրտացավություն հասարակության, իսկ անհանդուրժողականություն՝ օրինախախտի հանդեպ

analitik.am

Սույն թվականի հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին¸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը¸ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։

Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանները¸ որոնց համաձայն ոստիկանության փոխգնդապետ Արծվիկ Հայրապետյանը անձնական նախաձեռնությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես  կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց Արծվիկ Հայրապետյանին ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության և շրջանի բնակիչների անկեղծ հարգանքին արժանանալու համար և պարգևատրեց նրան հուշանվերով։  Նորանշանակ շրջբաժնի պետին մաղթելով արգասաբեր ծառայության ոստիկանության պետը համոզմունք հայտնեց¸ որ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ամրապնդելով համագործակցությունը ինչպես շրջվարչակազմի¸ այնպես էլ շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուների հետ¸ իր սկզբունքայնությամբ կկարողանա  անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտի հանդեպ¸ իսկ  հոգատար ու սրտացավ վերաբերմունքի միջոցով՝ էլ ավելի ամրապնդել հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը։

Շրջվարչակազմի ղակավար Իվան Ավանեսյանը իր հերթին շնորհավորելով նորանշանակ շրջբաժնի պետին¸  պատրաստակամություն հայտնեց նպաստել ոստիկանության կողմից իրականացվող  հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին¸ այդ կերպ նպաստելով հասարակության խաղաղ կենսագործունեության պայմանների ապահովմանը:

ԱՀ ոստիկանություն

Նույն շարքից