Հասարակություն 

Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը

analitik.am

ԷկոԼուր-ը գրում է. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչներն ահազանգում են. «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում է անմիջապես բնակելի տների և պտղատու այգիների կողքին:

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա, ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, ինչքան էլ մեզ համոզեն, մենք հասկանում ենք` գործարանը ինչ վտանգ է ներկայացնում…մեր այգիները, ամեն ինչը հեչ է լինելու, իսկ եթե հանկարծ պայթեց այդ գործարանը, ո՞ւր ենք գնալու, օդ ենք թռնելու…տարաների վրա օդի, գազերի համար տեղ են թողնելու, և այդ գազերի գոլորշին որ դուրս եկավ, բնությանն ու մարդկանց վնաս է լինելու…այդ տարաները բաց երկնքի, արևի տակ շիկանալու են, գոլորշին ո՞ւր պետք է գնա, պետք է մենք շնչենք…մեր պահանջն է կամ վերացվի սա այստեղից, կամ մեզ փոխհատուցում տան, մենք այստեղից գնանք, պրծնենք», - ԷկոԼուրի հետ զրույցում ասացին «Նատիի» բնակիչները:

Նավթավերամշակման արտադրությունները մթնոլորտ են արտանետում ծանր մետաղներ, ծծմբի օքսիդ, ազոտի օքսիդ, դիօկսին, ածխածնի օքսիդ, ածխաթթու, բենզոլ, հիդրոֆիլականթթու, քլոր և այլն:

«Այս բոլոր նյութերը խիստ վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Առաջացնում են վերին շնչառական ուղիների լուրջ հիվանդություններ ընդհուպ մինչև ասֆիկսիայի (շնչահեղձության): Մասնավորապես դիօկսինները կայուն օրգանական քիմիկատներ են, որոնք հանգեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Այս նյութերը, աղտոտելով շրջակա միջավայրը` սպանում են կենսաբազմազանությունը: Մարդու, բուսական և կենդանական աշխարհը վտանգված են այս նյութերով աղտոտված տարածքում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:

Մանրամասն՝ ecolur.org

Նույն շարքից