Բարի օր Հասարակություն 

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվել են. Ավարտվել է ԵԿՄ նիստը

analitik.am

Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:

«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակով նշեց Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են. 

«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք: 

2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները: 

3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:

Համլետ Հայրապետյանը նաև հիշեցրեց, որ սա այն երկրապահն է, որ արցախյան ազատամարտ հաղթեց. «Սա այն երկրապահն է, որ պատմական հողեր ազատագրեց, որ 24 ժամ դիրքերում են եղել՝ սահմանին, ու մեր ժողովուրդն ասում էր, որ երկրապահը գնաց, լավ է լինելու: Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, պետք է զգոն լինենք, երկրապահը նույն տղերքն են՝ մի քիչ ջղային, մի քիչ գոռացող, բայց միակ մտահոգությունը պետության անվտանգությունն ապահովելն է»,- ասաց Հայրապետյանը:

Դիտարկմանը, որ ազատամարտիկները կարծում են, որ նոր ԵԿՄ նախագահ ընտրելու կարիք չկա, փոխարենը պետք է ղեկավար խորհուրդ ստեղծվի, Համլետ Հայրապետյանը միայն արձագանքեց, թե առաջարկություններ եղել են, բայց որոշում համագումար կլինի:

Նույն շարքից