Մանվել Գրիգորյանի քայլերը դատապարտելի են, սակայն կան ավելի լուրջ բացթողումներ: Այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Եղիազարյանի խոսքերով, Մանվել Գրիգորյանի դեմ գործողությունների ընթացքում մարդիկ մոռանում են, որ սկսում են վիրավորել ազատամարտիկներին, ոչնչացնում ու ցածրացնում են պատերազմի մասնակից ազատամարտիկների պատկերը և սա այն դեպքում, երբ հակառակորդի կուտակումներ կան սահմանին. «Տեսնում ես, որ մարդիկ կան, ովքեր սկսում են աղմուկ բարձրացնել, թե դրանք մեզ պետք չեն, հետո ինչ, որ կռվել են: Ինչպե՞ս կարող է կամավորը պետք չլինել պատերազմող երկրներին: Ինչպե՞ս կարելի է կամավորներին այսպես ոչնչացնել: Եթե ԵԿՄ-ի ղեկավարն իրեն լավ չի պահել, հասկացանք, դատապարտելի է, պետք է դատել: Բայց սկսել ենք բանակի հետևից ընկնել, բանա՞կն ենք թևաթափ անում: Ավելի մեծ գողոններ կան՝ միլիարդների հասնող: Ինձ թվում է, որ մենք սկսել ենք կամաց-կամաց հալածել մեր բանակը, մեր սպայական կազմին: Չի կարելի: Չկարծեք, թե ես պաշտպանում եմ ինչ-որ մի գողի, ես ինքս եմ դրա տուժածներից մեկը: Ինձ հալածել են երկրապահի ժամանակ: Ամենամեծ տուժածներից մեկը ես եմ, բայց մի մոռացեք, որ պատերազմի մեջ ենք, թշնամին քթներիս տակ է: Պետք է սարսափելի մեծ գողերի վրա ուղղել սխալները: Հասկացանք, այս դեպքում պետք է պատասխան տալ, բայց սա մեր դժբախտության փոքրիկ մասն է»:
Եղիազարյանի խոսքերով, գեներալ Մանվելը Էջմիածինն է ավերել, պետք է տեսնել, թե Հայաստանի մյուս շրջաններն ովքեր են ավերել, պետք է բոլորը պատասխան տան. «Հանկարծ որ վաղը պատերազմ սկսի, եթե կամավոր չլինի սահման գնալու, հանկարծ ուրիշին չմեղադրեք: Մենք ենք դա արել»: