Հասարակություն Մշակույթ 

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքում հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

analitik.am

Հունիսի 24-ին ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքի «Մորատ» արվեստի և արվեստագիտության ինստիտուտում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց հայ նկարիչ Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով առաջին լայնածավալ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության, «Մորատ» ինստիտուտի, Շվեյցարիայի Բազել քաղաքի «Մերիան» հիմնադրամի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, մասնավորապես, նշեց, որ այս ցուցահանդեսը, ինչպես ցանկացած մշակութային միջոցառում, լինեն դրանք համերգներ, թե ցուցահանդեսներ, պետությունների և ժողովուրդների միջև մշակութային հարաբերությունների զարգացման համար լավագույն կամուրջներն են: Դեսպանը գոհունակությամբ ընդգծեց, որ Արման Վահանյանն իր ստեղծագործություններով ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը գերմանացի հանդիսատեսին:

Ելույթներով հանդես եկան նաև «Մորատ» ինստիտուտի տնօրենը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Բ. Քյոնեկեն, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:

Տեղեկանք. «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը դեռ 2016թ. կազմակերպել էր Երևան-Ֆրայբուրգ-Բազել քաղաքների միջև արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում հայ արվեստագետները վեց ամիս ժամկետով ապրում և ստեղծագործում են Ֆրայբուրգ և Բազել քաղաքներում՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները գերմանացի և շվեյցարացի հանդիսատեսին:v

Նույն շարքից