ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կոչ է արել արտաքսել ԱՄՆ ներթափանցած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ առանց իրավաբանական գործընթացների:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Թրամփն անօրինական ներգաղթյալներին համեմատել է բռնարարների հետ, ովքեր փորձում են ներխուժել երկիր: Թրամփի այս կոչը միանգամից առաջացրել է ներգաղթյալների հարցերով զբաղվող իրավաբանների զայրույթը, ովքեր հայտարարել են, որ նման մոտեցումն ԱՄՆ սահմանադրության խախտում է:
Կիրակի օրը Թրամփը թվիթների շարանով հայտարարել էր. «Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներխուժել մեր երկիր: Երբ որևէ մեկը գալիս է, մենք պետք է անմիջապես, առանց դատարանի կամ դատական գործընթացի, ուղարկենք նրանց այնտեղ, որտեղից եկել են»:
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել Թրամփի այս գրառումը:
Նշենք, որ փախստականներն իրավունք ունեն ապաստան ստանալու, հետևաբար Թրամփի այս հայտարարությունը հակասում է մի շարք միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերին: