Տնտեսություն գլխավոր 

Փոխվարչապետը կոչ է անում դադարեցնել անհնազանդության գործողություններն Ամուլսարում

ՀՀ փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն իր ՖԲ էջում գրում է.

«Խումբը՝ որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ:

Առաջնորդվելով Ամուլսարում բնապահպանական նորմերի պատշաճ մակարդակի ապահովման և քաղաքացիական հասարակության վերահսկողություն սահմանելու մեր հայրենակիցների պահանջով՝ պարոն Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանության գնահատման և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության #EITI սկզբունքներին համապատասխանող՝ թափանցիկ և հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրման և իրագործման գործընթացում, ապահովել զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներգրավումը:

Վստահ եմ, որ միայն երկխոսության ճանապարհով կարող ենք ապահովել սոցիալական համերաշխություն:

Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները: Արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վեր հանումը. յուրաքանչյուր օր կարևոր է հիմնավորված որոշման կայացման գործընթացում:

Կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները. ի մի բերել բոլոր փաստական հանգամանքների այն համախումբը, որը կնպաստի Ամուլսարի բնապահպանական վիճակի մասին անաչառ եզրահանգումների կայացմանը: Ակնկալում եմ, որ ինչպես միշտ կկարողանանք արդյունավետ փոխգործակցել հանուն մեր պետության և հանուն մեր բնության, ու վաղը առավոտյան դադարեցված կլինեն անհնազանդության գործողությունները՝ դրանք մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելով, որպեսզի չտուժի ո՛չ պետությունը, ո՛չ բնությունը:

Խնդրում եմ վստահել իրավասու անձանց. կառավարությունը վստահելով Ձեզ՝ համապատասխանության գնահատման ուսումնասիրությունների մեկնարկը կազդարարի Ամուլսարից, և համապատասխանության գնահատման գործընթացը հետևողականորեն կշարունակի Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս բոլոր հանքաարդյունաբերական ընկերություններում:

Կոչ եմ անում ձևավորվող աշխատանքային խմբում Ձեր ակտիվ մասնակցությամբ՝ ամրապնդել համերաշխության մեր որդեգրած սկզբունքների կիրարկման պրակտիկան»:

Նույն շարքից