Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աննախադեպ ցածր են եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդպես եղել է 2000-ականների սկզբին:
Փաշինյանի խոսքերով, իր վարչապետության ընթացքում միջին վիճակագրական տվյալներով կա վերջին տարիների համար հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ. «Չնայած սրան, մենք ցավոք սրտի զոհեր ունեցանք»:
Ամեն դեպքում վարչապետը նշել է, որ առաջնագծում կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ. «Ընդ որում այդ կուտակումները երբեմն ծավալներով մեծանում են, երբեմն փոքրանում: Բայց շարժ անընդհատ կա: Բացի դրանից, դուք գիտեք, որ Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն կա»:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, վարչապետն ասել է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած պահին այդպիսի զարգացմանը, և վարչապետ ընտրվելուց հետո ինքը հրամայել է զգոնությունը ոչ մի վայրկյանով չկորցնել. «Մենք ունենք սովորական, ծանոթ իրավիճակ, որը կա երկար տարիներ: Պետք է արձանագրել, որ հակամարտությունը լուծված չէ, մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, որը կարող է փոխվել: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, զինված ուժերը՝ իրենց: Չեմ ուզում ասել անհանգստանալու կարիք կա, չեմ էլ ուզում ասել, որ դրա կարիքը չկա»:
Փաշինյանը կարևորել է նաև այն, որ բանակը հասարակության աջակցությունն անընդհատ զգա՝ հավելելով, որ աննախադեպ իրավիճակ չկա, իսկ եթե կա էլ դա վերաբերում է հրադադարի խախտման ցածր մակարդակին: