Երեկ՝ հունիսի 25-ին, օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 23:00-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելու է օգտատերերի՝ ամենաշատ լայք հավաքած հարցերին: Արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պարզվեց, որ ամենաշատ լայք հավաքած հարցերից մեկն էլ վերաբերում է վարչապետի «ոնց լինելուն»:
Փաշինյանը նշեց, որ լավ է, երջանիկ է, որ քաղաքացիներին ծառայելու հնարավորություն ունի. «Անհամբեր եմ, թե երբ պետք է այդ ծառայությունը տա բոլորիս համար շատ սպասելի արդյունքներ: Իհարկե որոշ արդյունքներ կան և առաջիկայում անընդհատ կլինեն: Ես հույս ունեմ, որ այդ արդյունքներն ավելի շոշափել և ծանրակշիռ կդառնան: Համոզված եմ, որ իմ ունեցած հնարավորությունը չի կորսվի: Խնդիրն այն է, թե պոզիտիվ արդյունքներն ինչքան կլինեն ենթադրենք 100 միավորանոց սանդղակով: Ես համոզված եմ, որ շատ լուրջ արդյունքներ կլինեն: Մեր խնդիրն է ունենալ մաքսիմալ արդյունքներ և մաքսիմալ արդյունավետ ծառայել մեր քաղաքացիներին և երկրին»: