«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հրապարակի» մերժման գործընթացը սկսել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդ անդամները։ Այս մասին Օհանյանը խոսել է ՀԺ-ի հետ զրույցում:
«Ինձ այդքան չի անհանգստացնում հասարակության արձագանքը, որքան նոր իշխանությունների պահվածքը՝ մամուլի հետ կապված։ Մենք մի քանի անգամ փորձեցինք իրենց ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, որ լրագրողների համար մայիսի 8-ից հետո շատ բարդացել է աշխատանքը։ Մենք ամենօրյա ճնշումներ ենք զգում մեզ վրա»,- հայտարարել է Արմինե Օհանյանը։
Նրան անհանգստացնում է նաև այն փաստը, որ վարչապետի և նրա տեղակալների մակարդակով խնդրին ուշադրություն չի դարձվում. «Ես անգամ արտերկրից եմ նամակներ ստանում։ Ասում են՝ ինչպես օգնենք, որ խոսքի ազատությունը Հայաստանում չսահմանափակվի, իսկ մեր իշխանավորները չեն լսում, թե ինչ է կատարվում։ Եթե մի քիչ ավելի հեռուն գնանք, գուցե լավ էլ տեսնում են, լսում են և գոհ են այդ վիճակից, գուցե ինչ-որ ձևով ուղղորդում են այդ պրոցեսները»,- նշել «Հրապարակի» գլխավոր խմբագիրը։
ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են սպառնալիքների հետ կապված իրավապահ մարմիններին դիմել, Արմինե Օհանյանն ասել է. «Ես որպես կանոն իրավապահներին չեմ դիմում։ Մեր գործն անում ենք, անկախ նրանից, թե ով ինչպես է արձագանքում։ Նյարդերի պատերազմ է գնում, բայց մենք սովոր ենք»։ Օհանյանն ավելացրեց, որ ընթերցողների նվազում չեն գրանցել, այս ընթացքում էլ կրկնապատկվել են։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում