Այսօր՝ հունիսի 27-ին , կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից ներկայացված կառավարության որոշման նախագիծը: Դրա համաձայն նախատեսվում է գնման գործընթաց կազմակերպել «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացված միջոցների շրջանակներում ծառայությունների ձեռքբերման համար, որի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 360 հազար ՀՀ դրամ.
| հ/հ | Գնման առարկայի անվանումը | Գումարը (հազար դրամ) |
| 1 | ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին | 1 130 000 |
| 2 | կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս) | 6 784 000 |
| 3 | կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ | 6 600 000 |
| 4 | գովազդային տեսածրագրերի արտադրություն | 1 386 000 |
| 5 | մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված վարձակալության ծառայություններ | 1 400 000 |
| Ընդամենը | 11 360 000 |
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհային պայմանագրով «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը փառատոնի կազմակերպման և անցկացման մասնակի ծախսերն իրականացնելու նպատակով հատկացված է 47 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, որից՝
6 միլիոն 784 հազար ՀՀ դրամն ուղղվելու է պատվիրակությունների ավիատոմսերի ձեռքբերմանը: 4 միլիոն 576 հազար ՀՀ դրամը՝ ուղևորափոխադրող ավտոմեքենաների, սարքավորումների վարձակալության, գովազդային նյութերի արտադրության և հեռարձակման հետ կապված ծախսերի, 7 միլիոն 448 հազար ՀՀ դրամը՝ պատվիրակությունների ընդունման հետ կապված հյուրանոցային և կեցության ծախսերին, 28 միլիոն 392 հազար ՀՀ դրամը՝ փառատոնին բնորոշ հատուկ ծախսերի գործընթացին` արտասահմանյան ֆիլմերի ընտրությանը, հեղինակային իրավունքի ձեռքբերմանը, ինչպես նաև այլ կազմակերպական և տեխնիկական աշխատանքների կատարմանը, որոնք հանդիսանում են գնում չհանդիսացող ծախսեր կամ հնարավոր է ձեռք բերել մեկ անձից գնման ձևով:
Մշակույթի նախարարությունը հիմնավորել է այս ծախսերի անհրաժեշտությունը հետևյալ կերպ՝
Տարիներ շարունակ Երևանում անցկացվում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպության կողմից հեղինակած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն իր բացառիկ դերն ունի հայ մշակույթի զարգացման և հայ կինոարվեստի տարածման գործում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը համարվում է տարվա կարևոր մշակութային իրադարձություններից մեկը, որը անգնահատելի ազդեցություն է թողնում հայ հասարակայնության կյանքում, ինչպես նաև ստեղծում է երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և դաստիարակում սերունդներ:
Հայաստանի Հանրապետություն են հրավիրվում համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ և կինոփառատոնին մասնակից պատվիրակություններ, ակտիվ մասնակցություն են ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Իր նախադեպը չունեցող այս փառատոնի շրջանակներում ցուցադրվում են արտասահմանյան և հայկական լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմեր:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: