Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են քաղաքապետերի պաշտոնակատարներ նշանակվում այդքան երիտասարդ գործիչները, մի՞թե ավելի փորձառուներ չկան, հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամներն առհասարակ երիտասարդ են, միջին տարիքը 30-ի սահմաններում է:
Ինչ վերաբերում է փորձին, Պապիկյանը նշեց, որ այն փորձը, որը նախկին պաշտոնյաներն ունեցել են, պետք չէ. «Մենք ուզում ենք ավելի շատ իրավունքի երկիր ունենալ, և երիտասարդը, ով պատրաստված է, ունի համապատասխան կրթություն, պետք է ինքնադրսևորման հնարավորություն ունենա»:
Պապիկյանը նաև խոսել է ՀՀԿ-ական քաղաքապետերի հրաժարականների մասին՝ հայտարարելով, որ Հանրապետականներից ազատվելու խնդիր չկա, սակայն եթե տվյալ համայնքի քաղաքացիները ցանկություն չունեն տվյալ անձին տեսնել իրենց ղեկավարի դերում, պետք է հաշվի նստել բնակիչների հետ. «Քաղաքացին է որոշում, թե ով է ղեկավարում համայնքը, երկիրը» :
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Խուդաթյանը, իսկ Էջմիածինի՝ Դիանա Գասպարյանը: