Բարի օր Հասարակություն 

Կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության մեկ դեպք է գրանցվել. Ինչ է անելու ոստիկանությունը ընտանեկան բռնության դեպքում

analitik.am

«2018 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում գրանցվել է բռնության 864 դեպք, որից 40-ը եղել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ հանցագործությունները, իսկ 223-ը՝ ընտանեական բռնության դեպքերը»,-այսօր՝ հունիսի 28-ին, Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի և ոստիկանության գործառույթների մասին քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության  երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Տիկին Դուրյանը նշեց, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է  բռնության 842 դեպք, որից 41-ը եղել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ հանցագործություններ, իսկ 241-ը՝ ընտանեկան բռնության դեպքեր՝ նշելով, թե ստացվում է, որ բռնության դեպքերը նվազել են:

Այս տարվա 5 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության դեպքերից 164-ը եղել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, իսկ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ 1 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 10 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից՝ 32 դեպք:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անելու ոստիկանությունը, եթե ընտանիքում բռնության մասին տեղեկություններ ստանա, տիկին Դուրյանն ասաց, որ ոստիկանությունը միայնակ չի գործելու. «Եթե բռնության դեպք է հայտնաբերվում, պաշտպանական միջոցները երեքն են՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Սրանցից միայն առաջին երկուսն են նախատեսված ոստիկանության համար, երրորդը պետք է լինի դատարանի որոշմամբ»:

Դուրյանը նաև նշեց, որ օրենքը պատժողական միտում չունի, այն միտված է կանխարգելմանը և պաշտպանելուն:

 

Նույն շարքից