Այսօր տեղի ունեցավ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների առաջին սերնդի հավաստագրման միջոցառումը։ Այս պահի դրությամբ ԱԲ-ի որակավորում ունեցող ուսուցիչների թիվը 97 է։ Նրանք պատրաստ են սկսելու դասավանդումը ԱԲ-ի մեթոդաբանությամբ՝ հընթացս իրականացնելով շարունակական մասնագիտական զարգացում։
«Ուսուցիչների որակավորման այլ ծրագրերը սովորեցնում են հմտություններ։ Ի տարբերություն դրանց՝ ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը սովորեցնում է մտածել։ Ծրագրի մասնակից ուսուցիչներն այս մեկ տարվա ընթացքում իսկապես բարդ և համակողմանի աշխատանք են իրականացրել։ Այս ընթացքում նրանք ուսումնասիրել են հետազոտական նյութեր, իրականացրել են փորձեր և փորձարկումներ, այնուհետև իրենք են հետազոտություն արել։ Հենց սա է այս ուսուցիչներին առանձնացնում։ Եվ նաև սա է ԱԲ-ը դարձնում միջազգայնորեն մրցունակ և ճանաչելի»,- ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) կրթության ինստիտուտի կրթության ավագ դասախոս դոկտոր Յացեկ Բրանտը։
Բացի մասնագիտական որակներ ստանալուց՝ ուսուցիչները նաև հզոր համայնք են ձևավորել, որը համատեղ իրականացված աշխատանքի, Հայաստանի բոլոր աշակերտներին լավագույն և բարձրագույն կրթական որակը տրամադրելու ցանկության արդյունքն է։ Վերապատրաստումն անցած և արդեն հավաստագրված ուսուցիչները միջոցառման ընթացքում արդեն ծիծաղելով էին հիշում ծրագրի ընթացքում ունեցած դժվարությունների մասին։
«Մեկ բառով այս ծրագիրը կնկարագրեի որպես «արոմորֆոզ»։ Մինչև հիմա գնացել ենք նեղ ու հարմարվելու ճանապարհով, որ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանին հարմարեցնենք, իսկ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը հնարավորություն է իրական առաջընթաց ունենալու, որտեղ զգում ես, որ իրոք կատարելագործվել ու բարձրացել ես նոր աստիճանի»,- պատմեց Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մարտիրոսյանը։
«Կան հեղափոխություններ, որոնք անընդհատ պետք է լինեն, և կրթությունն այդպիսին է: Ուսուցիչներն այն մարդիկ են, որ պիտի թևեր տան ապագայի սերունդին, տան ոգի, որ նրանք չվախենան գնալ դեպի անհայտը, նորը բացահայտեն: Ապագայի այս տեսլականով մենք Արարատյան բակալավրիատի բոլոր ծրագրերը շարունակելու ենք՝ անկախ նրանից, թե այսօր ինչ տեսանկյուն կորդեգրեն կրթության ոլորտի պատասխանատուները։ Մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք ազգային հարստություն, այս ծրագիրը մշակվել է հանրակրթության համար: Եվ մենք ամեն բան անելու ենք մեր հնարավորությունների սահմաններում, որ այդ ծրագիրը լավագույնս շարունակվի»,- իր խոսքում նշեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի ղեկավար Տ. Մերսրոպ քհն․ Արամյանը և հավելել․ «Շնորհավորում եմ ձեզ և մեզ, դուք ապացուցեցիք ինչ է նշանակում մեծատառով ուսուցիչը»:
***
«Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում 2017 թ. մեկնարկել է ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը, որն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, մեկ տարի տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից` նախատեսված ինչպես գործող, այնպես էլ նոր ուսուցիչների համար։ Ծրագրին մասնակցությունը պարտադիր է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:
Ծրագրի առաջին հատվածն իրականացվում է դեմառդեմ և առցանց ուսումնառության միջոցով, իսկ երկրորդ հատվածը փորձաշրջան է, երբ մասնակիցները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, և համագործակցում իրենց մենտոր-խորհրդատուի հետ։
Ուսումնառության ողջ ընթացքում մասնակիցները կազմում են թղթապանակ, որի կարևորագույն բաղադրիչը մասնագիտական հետազոտությունն է։ Թղթապանակի նպատակը մասնակիցների աշխատանքի վկայությունները հավաքելն է և առաջընթացը գնահատելը։ Մասնակիցների գնահատումն ու հավաստագրումը կատարվում են թղթապանակի հիման վրա։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Այս մասին Analitik.am-ին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից: