Առողջապահություն Հասարակություն 

Պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատություններն այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով

analitik.am

Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է  կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առումով մի քանի շեշտադրում է արել գործակցությունից ունեցած նոր սպասելիքների առումով:

«Թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի  վիրահատությունների չափորոշիչները: Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,-շեշտել է նախարարը:

Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները): Ընդ որում՝ շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:

Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշ գործընկեր բժշկական հաստատություններ արդեն իսկ վերանայել և իջեցրել են վճարովի հիմունքներով մատուցվող ստենտավորման ծառայությունների գները:

Նույն գործակցության արդյունքում հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար  դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 միլիոն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը:

Նույն շարքից