Հայաստան Քաղաքական 

Նոր իշխանություններն աչքի ընկնող պաշտոններում նշանակում են իրենց սատարող, աջակցող ու հարող մարդկանց. Արմեն Բադալյան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Նոր իշխանություններն այդպես էլ մինչ օրս չեն ներկայացրել Հայաստանի զարգացման այն տեսլականը, որը կտարբերվի նախորդների որդեգրածից: Քայլերի հաջորդականությունը հուշում է մեկ բան՝ նորեկները կառավարում են՝ շարունակելով «հին ու բարի» ավանդույթները»,- «Իրատեսի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հավելելով, որ Փաշինյանն ու թիմակիցները մինչ այս պահը զբաղված են հինը ջարդելով, փոխարենը, սակայն, նորը չեն կառուցում:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ նոր կառավարիչների առաջին քայլը պետք է լիներ հասարակության սոցիալական վիճակի բարելավումը, ինչի ուղղությամբ ներկա իշխանությունները ոչ միայն քայլեր չեն նախաձեռնում, ավելին, կարծես, նման նպատակ էլ չունեն:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ «Իրատեսի» զրուցակիցը վստահեցրեց, որ, խոշոր հաշվով, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ասաց՝ թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական բլոկում, թե՛ կադրային նշանակումներ կատարելիս Փաշինյանն առաջնորդվում է նախորդների քայլերի տրամաբանությամբ:

Նախորդ կառավարության նման այս կառավարությունը ևս տնտեսության զարգացման գերակա ուղղություններ է սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները, իսկ ինչո՞վ են զբաղվելու այն մարդիկ, որ ո՛չ տուրիզմի մենեջեր են, ո՛չ հող ունեն դրանում ինչ-որ բան աճեցնելու համար, ո՛չ էլ մաթեմատիկոս են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնեն:

«Այդ մարդկանց կառավարությունն ի՞նչ է առաջարկում, ինչպե՞ս վաստակեն իրենց ապրուստի միջոցը: Արդյունաբերության զարգացումը, որը տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, տեղ չի գտել կառավարության ծրագրում, բայց չէ՞ որ արդյունաբերությունն է, որ ի վիճակի է ամենաշատ աշխատատեղերն ապահովելու: Դրա մասին անգամ քննարկումներ չեն կազմակերպվում մասնագետների հետ, նրանց կարծիքի, խորհուրդների հետ հաշվի չեն նստում»,- շեշտեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ ներկա իշխանությունները պատկերացում չունեն, թե Հայաստանը 15-20 տարի հետո ինչպիսի երկիր պետք է լինի, իսկ պատճառաբանությունը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին իշխանության գալով միայն լուրջ ու ծանրակշիռ ծրագիր կներկայացնեն, ընդամենը հարցադրումներից խուսափելու միջոց է:

Կադրային քաղաքականության հարցում նույնպես, ըստ Բադալյանի, ներկա իշխանությունները հետ չեն մնում նախորդներից՝ աչքի ընկնող պաշտոններում նշանակելով իրենց սատարող, աջակցող ու հարող մարդկանց:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ թեև վարչապետը խոստացել էր, որ կադրային ջարդ չի իրականացնելու, բայց հակառակն ենք տեսնում, և այն մարդիկ, ովքեր կես ժամով այս կամ այն փողոցն են փակել, փոխարինում են ոչ միայն քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնողներին՝ նախարար, նախարարի տեղակալ, մարզպետ, այլև շատ ավելի ցածր օղակներում աշխատողներին:

«Անհասկանալի է նաև ամենատարբեր պաշտոնյաների՝ ԵՊՀ ռեկտորի, դատախազի, ՏԻՄ ղեկավարների հրաժարականի պահանջ ներկայացնելը: Այո, վերջիններս կարող են չարաշահումներ արած լինել, բայց դրա համար ոչ թե հրաժարականի պահանջ պետք է ներկայացնել, ինչը հաճախ գռեհիկ կերպով են անում, այլ պատասխանատվության կանչել վերջիններիս,- նշեց Արմեն Բադալյանն ու ամփոփեց.- Իսկ նրանք, ովքեր փորձում են այս կառավարության հասցեին որևէ քննադատություն հնչեցնել, անարգանքի սյունին են գամվում: Անհանդուրժողականության մթնոլորտը խեղդում է, ինչն արժեքների հեղափոխության մասին չի վկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից