Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը կարող է դառնալ ԵԿՄ նախագահ, ասաց, թե այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերից հետո բոլորը սկսել էին քննադատել կազմակերպությանը, ինքը պաշտպանում էր ԵԿՄ-ին, քանի որ պետք չէ ուղղակի քանդել այդ կառույցը, որը մեծ ներդրում ունի: Նրա խոսքերով, այդ ժամանակ ԵԿՄ-ից զանգահարել են իրեն և առաջարկել նախագահ դառնալ:
Սակայն կան նաև մարդիկ, ովքեր Սարգսյանի խոսքերով, դեմ են իր տեսակետին և ինքը հարգում է դա. «Ասում են, որ ես իրենց հետ պատերազմը հավասար չեմ անցել և չեմ ճանաչում այդ տղաներին որքանով որ պետք է: Ճիշտ են ասում: Ես պատերազմին մասնակցել եմ մինչև 1992 թվականը՝ Երասխի վերջին դիրքերի ազատագրումը: Դրանից հետո պատերազմում իմ գործունեությունն ավելի շատ եղել է փոստատարի գործունեություն: Այդ տարիներին, թե եղբորս, թե առաջին նախագահի կարգադրությամբ կապ եմ ունեցել ղարաբաղյան իշխանությունների հետ: Ես այդ ժամանակ արել եմ այն, ինչը հայրենիքը պահանջել է: Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել»:
Սարգսյանն ասաց, որ իր թեկնածությունը չի առաջադրել ԵԿՄ նախագահի պաշտոնի համար՝ հավելելով, թե ցանկանում է, որ այդ կազմակերպությունը շարունակի ապրել և չբացառելով նաև այն, որ կազմակերպությունը կարող է կառավարվել կոլեգիալ մարմնի կողմից: