Տնտեսություն գլխավոր 

Ի՞նչ է կատարվում Ամուլսարում. Ակտիվիստների պահանջները, Լիդիան ընկերության փաստերը և կառավարության լռությունը

Analitik.am-ը զրուցեց դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներից Խաչատրյան Արմենի հետ: Նա ասաց, որ իրենց պահանջը մեկն է՝ փակել ճանապարհները, որպեսզի թույլ չտան սկսվի հանքի շահագործումը,քանի որ, ըստ ակտիվիստի, եթե շահագործումը սկսվի և սարի գագաթը կտրեն, ապա էկոլոգիական աղետ կսկսվի:

Նա նաև նշեց, որ իրենց արարքները սաբոտաժ չեն. «Մենք ուղղակի իրավունք չունենք բացենք ճանապարհը, իրենք պետք է ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքները, մինչև հանձնախումբը կգա և վերջնական որոշում կկայացնի օրինականության վերաբերյալ»։

Մեր այն հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով են ասում, որ հանքի շահագործումը վնասակար է, Արմեն Խաչատրյանն ասաց, որ բազմաթիվ պատճառներ կան. «Ինձ բարկացրեց այն, որ Հայկ Ալոյանը նշում է, որ միջազգային փորձագետները եկել են և զարմացած են, թե ինչ իդեալական միջազգային նորմերով է շինարարություն, հանքի շահագործում  իրականացվում։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստում է, զանգահարել ենք պարոն Բրոնոզյանին, նա ասաց, որ հակառակը, որ ինքն ավելի մեծ թերություններ է գտել թթվային ապարների հետ կապված»։

Հիշեցնենք, որ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Բրոնոզյանը և այլ փորձագետներ հայտնում էին իրենց կարծիքը Ամուլսարի վերաբերյալ, որը կարող եք դիտել ստորև.

Արմեն  Խաչատրյանը խոսեց նաև այն մասին, որ հանդիպել են Արթուր Գրիգորյանի հետ, ով ասել է, որ վերջնական հանձնախումբը կստեղծվի հուլիսի 3-ին։

Մեր այն հարցին, թե արդյոք նրանք դիմել են Լիդիանին, որպեսզի գնան և տեղում հասկանան՝ կա՞ն իրոք խնդիրներ, թե ոչ, Ա. Խաչատրյանն ասաց, որ իրենք գիտնականներ չեն. «Այն, ինչը, որ մեզ կասեն, կարող են իրենք խաբել, մանիպուլացիայի ենթարկեն, որովհետև իրենց գործելաոճն  է դա»:

Լիդիանից մեզ հայտնեցին, որ բազմաթիվ անգամներ ասել են, որ իրենք կարող են մանրամասն ցույց տալ, բացատրել, թե ինչպես է իրականացվելու ողջ գործընթացը, իսկ իրենց մասնագետներն էլ կբացատրեն այնպես, որ անգամ տարրական գիտելիքներ ունեցող մարդը կհասկանա, թե ինչպես է շահագործվելու հանքը և կհամոզվի, որ որևէ վտանգ չկա, սակայն ակտիվիստները չեն համաձայնվում նույնիսկ լսել իրենց և այդ ամենին ծանոթանալու անգամ ցանկություն չունեն: Հետևաբար, Լիդիանում համոզված են, որ այս ակցիաների նպատակը բնապահապանական մտահոգությունները չեն:

Ի՞նչ վերաբերում է նրան, թե ի վերջո՝ ի՞նչ պահանջ ունեն ցուցարարները, Ա. Խաչատրյանն ասաց, որ Լիդիանը ժամանակավորապես դադարեցնի աշխատանքները, մինչև այդ հանձնաժողովն իր աշխատանքները կվերջացնի և վերջնական եզրակացություն կտրվի. «Դա մեր հաշվարկներով մինչև հուլիսի վերջ է»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարող է կազմակերպությունը մեկ ամիս դարարեցնել իր աշխատանքները, կառավարության անդամներից որևէ մեկի հետ խոսե՞լ են այդ մասին, թե ոչ, Ա.Խաչատրյանը պատասխանեց, որ կառավարությունն օրինական ճանապարհով չի կարող դա փակել. «Դրա համար մենք մեր իմացած գյուղական ձևով կփակենք, մեկ ամսից Լիդիանը կշահագործի այդ հանքը, մենք չենք կարող թույլ տալ, որ հանքի շահագործումը սկսի»։

Ի դեպ, նշենք, որ յուրաքանչյուր օր հանքի փակ լինելու պայմաններում Լիդիանն ունենում է մոտ 500 000 ԱՄՆ դոլարի չափով կորուստ, ինչը նշանակում է, որ եթե Լիդիանն ընդառաջ գնա և մինչև հուլիսի վերջը դադարեցնի աշխատանքները, ապա այդ կորուստը կկազմի մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հանձնաժողովի կողմից հերթական անգամ դրական եզրակացություն ստանալու դեպքում, այդ պատճառված վնասը՝ մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլարը, պետք է փոխհատուցի Հայաստանի Հանրապետությունը:

Մեր այն հարցին, իսկ եթե հանձնաժողովը պարզի, որ ամեն ինչ նորմալ է, բայց Լիդիանն այդ մի ամիսը չաշխատի, ապա այդ դեպքում ինչ են անելու, Ա. Խաչատրյանն ասաց.  «Անգամ եթե հանձնախումբը, չգիտեմ ինչ եղանակներով պարզի, որ դրական է եզրակացությունը, մենք, միևնույն է, չենք բացելու ճանապարհները, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք ունենք բազմաթիվ հիմքեր, ամբողջ Հայաստանի բնապահպանները միաձայն գոռում են, որ սա Հայաստանի հանդեպ տեռոր է։ Ես անձամբ, եթե Լիդիանն այստեղ գործունեություն ծավալի, չեմ ապրելու այստեղ »։

Նա նշեց, որ իրենք գիտնական չեն, որպեսզի մանրամասն վտանգներն ասեն, բայց դրանք կան. «Հասարակ ջերմուկցին երկու բան է տեսնում, իրան հետաքրքիր չի՝ դուք ինչ կասեք, ինչ չեք ասի, ինչ հիմնավորում կտաք, ինքը երկու բան է տեսնում, փոշին, որը հիմա Ջերմուկը վերցրել է, և տեսնում է գետի աղտոտումը: Լիքը փաստեր կան, ես գիտնական չեմ, ես հասարակ մարդ եմ։ Իմ անձամբ, սուբյեկտիվ կարծիքով, ես հավատում եմ  այս հանձնախմբին, որովհետև անաչառ, անկաշառ մարդիկ են ներառված այս հանձնախմբի մեջ, ու իրենք, ես վստահ եմ, որ արդար լուծում կառաջարկեն այս ամեն ինչին։

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, Լիդիանն ասում է, որ 1400 աշխատատեղ է ստեղծել, ես հենց հիմա առողջարանում եմ աշխատում և շատ լավ հաշվապահ եմ  և շատ լավ թվերին տիրապետում եմ, թե Ջերմուկում ինչ շարժ է լինում։ Հենց հիմա ջերմուկում 1400-ից ավել աշխատող կա, և հանքի շահագործման դեպքում այդ աշխատատեղերը փակվելու են ու հակառակ էֆեկտն է լինում։ Մեր հետ հիմա կանգնած բազմաթիվ Լիդիանի աշխատողներ կան, ջերմուկցի աշխատողներ են կանգնած, մարդիկ ստիպված, սոցիալական վիճակից ելնելով, աշխատում են, բայց բազմաթիվ մարդիկ ասում են, որ հասկանում են, որ դա վնաս է, մենք չենք ուզում մեր քաղաքը քանդվի, մենք հելել ենք Լիդիանի դեմ, Լիդիանի տնօրենները գալիս են, տեսնում են իրենց, ասում են՝ յա, էս հելե՞լ եք ցույցի մեր դեմ, իրենք ասում են՝ այո, մենք հելել ենք ձեր դեմ ցույցի, ու հենց հիմա աշխատողներ են իրենք, այնպես չի, որ չեն աշխատում, իրենք միացել են մեզ »,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նշենք նաև, որ այսօր՝ հունիսի 29-ին,  Լիդիան ընկերության մոտ 1500 աշխատակիցներ բաց նամակով դիմել էին   ՀՀ վարչապետին՝ նշելով, որ  խնդրում են  լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ իրենց  զրկի յուրաքանչյուր օր վաստակելու ու  ընտանիքը պահելու  աշխատանքից:

Analitik.am-ը կապ հաստատեց նաև Լիդիանի իրավաբան Արմեն Մելքումյանի հետ, ով ասաց, որ դրանք բոլորը սուտ լուրեր են, Լիդիանի որևէ աշխատակից չի միացել անօրինական գործողություններ կատարող խմբին, հակառակը՝ նրանք դուրս են եկել և պահանջում են, որ բացվի ճանապարհը. «Եթե կան նման մարդիկ, ապա թող հրապարակեն նրանց անունները, բայց այդպիսի մարդիկ ուղղակի չկան, սա նպատակաուղղված ապատեղեկատվություն է, սուտ, որպեսզի հերթական անգամ Լիդիանի վրա փորձեն ցեխ շպրտել: Լիդիանի աշխատակիցները դուրս են եկել և պահանջում են, որպեսզի այդ ապօրինի գործողությունները դադարեցնեն և թողնեն, որպեսզի իրենք անցնեն իրենց բնականոն աշխատանքին: Ի վերջո, այս ամենը պետք է կարգավորվի օրենքի սահմաններում և օրինական մեխանիզմներով, և եթե այսպես շարունակվի, ապա մենք կդիմենք բոլոր այն քայլերին, որոնք պահանջվում են՝ հարցին լուծում տալու համար »:

Արմեն Խաչատրյանը ասաց նաև, որ հրապարակենք այն մասին, որ Ահարոն Արսենյանն Աշոտ Արսենյանի բարեկամն չէ. «Եթե դուք ձեր թերթում պաշտոնապես չհերքեք այդ ինֆորմացիան, մենք ձեզ դատի կտանք, որովհետև Ահարոն Արսենյանն ու Աշոտ Արսենյանը ոչ մի բարեկամական կամ ընկերական կապ չունեն իրար հետ»։

Analitik.am-ը պաշտոնապես հրապարակում է, որ ակտիվիստ Արմեն Խաչատրյանն ասում է, որ Ահարոն Արսենյանն Աշոտ Արսենյանի բարեկամը չէ:

Նշենք նաև, որ Լիդիան ընկերությունն արդեն մի քանի օր է ահազանգում է այն մասին, որ ինչ-որ մարդիկ ապօրինաբար փակել են դեպի հանք տանող ճանապարհը և խոչընդոտում են հանքի բնականոն աշխատանքաներին, սակայն իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում: Լիդիանի տնօրինությունը նաև նշել է, որ եթե իրավիճակը չհանգուցալուծվի, ապա Լիդիանը ստիպված է լինելու միջազգային արբիտրաժային դատարան հայցապահանջ ներկայացնել Հայաստանի դեմ:

Հիշեցնենք, որ արդեն 8 օր է դեպի հանք տանող ճանապարհը փակ է:

 

Նույն շարքից