Հունիսի 20-ին Նյու Յորքում հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ արագ փոփոխվող կլիմայական պայմանները, հակամարտությունները, անհավասարությունը, աղքատության և սովի տևական տարածվածությունը և արագընթաց քաղաքակենտրոնացումը դժվարացնում են երկրների ջանքերը՝ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ–ներ) հասնելու գործում:
Կայուն զարգացման նպատակների զեկույց 2018–ը հայտնաբերել է, որ հակամարտությունները և կլիմայի փոփոխությունը հիմնական գործոններն են, որոնց հետևանքով աճոում է այն մարդկանց թվաքանակը, որոնք ենթարկվում են սովի և հարկադիր տեղահանության վտանգներին, ինչպես նաև խոչընդոտում են ջրամատակարարման և սանիտարական հիմնական ծառայություններին համընդհանուր հասանելիությանն ուղղված գործընթացին:
Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում աշխարհում առաջին անգամ ապրում են մոտ 38 մլն–ով ավելի շատ սոված մարդիկ, որոնց թիվը 2015 թ. 777 մլն–ից 2016 թ. հասել է 815 մլն–ի: Համաձայն զեկույցի՝ հակամարտությունները 18 երկրներում սննդի անապահովության գլխավոր պատճառներից են: 2017 թ.-ին աշխարհում տեղի ունեցավ Հյուսիս-Ատլանտյան փոթորիկի՝ գրանցվածներից ամենաաղետալի շրջանը, որի հետևանքով աղետների պատճառած համաշխարհային տնտեսական կորուստները հասան ավելի քան 300 մլրդ դոլարի:
Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության
Միևնույն ժամանակ, Զեկույցում պարզվել է, որ ավելի շատ մարդիկ ավելի լավ կյանք են վարում, քան լոկ մեկ տասնամյակ առաջ: Աշխարհում այն աշխատողների մասնաբաժինը, ովքեր իրենց ընտանիքների հետ միասին ապրում են մեկ շնչին օրական 1.90 դոլարից պակաս սպառումով, նվազել է վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ 2000 թ.-ի 26.9% -ից 2017 թ. հասնելով 9.2%–ի։
Մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազել է գրեթե 50 տոկոսով, և ամենաքիչ զարգացած երկրներում 2000– 2016 թթ. ընթացքում էլեկտրաէներգիայի հասանելիություն ունեցող բնակչության մասնաբաժինն ավելի քան կրկնապատկվել է: Սակայն 2015 թ. 2,3 միլիարդ մարդ դեռևս զուրկ էր սանիտարական ծառայությունների նույնիսկ հիմնական մակարդակից, և 892 միլիոն մարդ շարունակում էր բնական կարիքները դրսում հոգալ: 2016 թ. մալարիայի 216 մլն դեպք է արձանագրվել՝ համեմատած 2013թ. 210 մլն դեպքերի, իսկ առանց սոցիալական պաշտպանության 2016թ. մնացել է 4 մլրդ մարդ:
ԿԶՆ–ների զեկույցում ներկայացված է 2015 թ. Երկրների կողմից միաձայն ընդունված Նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացի ամփոփումը:
Տնտեսական և սոցիալական գործերով գլխավոր քարտուղարի տեղակալ Լյու Ժենմինն ասել է. «Անցումն առավել կայուն և ճկուն հասարակություններին պահանջում է ինտեգրված մոտեցում, որն ընդունում է, որ այդ մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծումները, փոխկապակցված են»:
Քանի որ համաշխարհային համայնքն առաջ է շարժվում՝ ձգտելով հասնել ԿԶՆ-ներին և դիմակայել առկա մարտահրավերներին, հուսալի, ժամանակին, հասանելի և առանձնացված տվյալներն ավելի քան անհրաժեշտ են: Սրան հասնելու համար անհրաժեշտ են տեխնոլոգիա և նորարարություն, ավելի շատ ռեսուրսներ և քաղաքական հանձնառություն`բոլոր երկրներում տվյալների և վիճակագրական ամուր համակարգերի ստեղծման համար:
Զեկույցի այլ եզրակացություններից են հետևյալը.
- Երեխաների ամուսնության մակարդակը շարունակում է իջնել ամբողջ աշխարհում: Հարավային Ասիայում մանկահասակ աղջիկների ամուսնության հավանականությունը 2000-2017թթ. նվազել է ավելի քան 40 տոկոսով:
- Քաղաքներում ապրող 10 մարդուց 9-ը աղտոտված օդ է շնչում:
- 2016 թ. առանց էլեկտրաէներգիայի ապրող մարդկանց բացարձակ թվաքանակն իջել է խորհրդանշական մեկ մլրդ-ի շեմից:
- Հողերի դեգրադացիան սպառնում է ավելի քան մեկ մլրդ մարդու կենսապահովմանը:
Կայուն զարգացման 17 նպատակների 2018թ․ զեկույցի հիմնական արդյունքները ներկայացված են այստեղ: