«Փաստ» թերթը գրում է. «Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրի-մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր-ինչ կարգավորել, առավել ևս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի:
«Փաստ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24–27–ն ընկած ժամանակահատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, մեր աղբյուրներն առայժմ լռում են:
Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաեւ հատկապես կուսակցության երիտասարդացմանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» և օդիոզներից:
Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց մեր զրուցակիցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում