ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվարկներ է անում հասկանալու համար, թե ինչ միջոցներ են պետք Գերմանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու կամ դրանք Լեհաստան տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Աղբյուրի տեղեկություններով, դա ցածր մակարդակում սովորական վերլուծություն է, որի արդյունքները կարող են պետք գալ ավելի լուրջ քննարկումների ժամանակ:
Հոդվածի հեղինակը գրում է, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հարաբերությունների աճող լարվածության ֆոնի վրա: Նշվում է, թե Թրամփը խիստ զարմացել է, երբ իմացել է, որ եվրոպական երկրներում 35 հազար ամերիկացի զինծառայող կա: Նա նաև կարծում է, որ դաշնակիցներն անհրաժեշտ չափով ներդրում չունեն ընդհանուր անվտանգությունն ապահովելու գործում:
Եվրոպական կողմն արդեն տեղյակ է Թրամփի մտադրությունների մասին և խիստ անհանգստացած է նման զարգացումների պատճառով: