«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին նախագահների հանդեպ աշխարհում առանձնահատուկ ակնածանք կա, բայց նաև՝ առանձնահատուկ ուշադրություն․ հանրությունը հետևում է նրանց յուրաքանչյուր քայլին, և յուրաքանչյուր զանցանք մեծ հանցանքից ավելի աղմուկ է բարձրացնում։
Մեզանում թեև նախկին նախագահների, նրանց ընտանիքների կյանքին ու գործունեությանն ուշիուշով հետևել ենք ու լուսաբանել, բայց նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, նրանք անգամ հարցաքննությունների չեն հրավիրվել։
Երեկ ՀՀ իրավապահները խախտեցին այդ տաբուն։ Նախ խուզարկեցին Սերժ Սարգսյանի մի եղբորը․ ապօրինի զենք փնտրելով և չհայտնաբերելով՝ բաց թողեցին։ Ապա Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունը քրեական գործ հարուցեց մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ, Քրեական օրենսգրքի 314․ 3-րդ՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը», և 310․1-ին՝ «Ապօրինի հարստանալը» հոդվածներով։ Մեկը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, մյուսը՝ 2-4 տարի։
Ընդ որում՝ մեղադրանքներում նշված են ոչ միայն Լևոն Սարգսյանի, այլև նրա որդու և դստեր անունները։ Վստահ ենք, որ այս լուրը մեր հասարակության մեծ մասը ոգևորությամբ կընդունի՝ որպես արդարության հաստատմանն ու արդարադատության հաղթանակին ուղղված խոշոր քայլ։
Իսկապես՝ գուցե ժամանակն է, որ մեր երկրում բոլորը, այդ թվում՝ ամենապաշտպանված անձինք, մասնավորապես՝ երկրի ղեկավարի ընտանիքի անդամները, հասկանան, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և բոլորի գլխին մի օր կարող է իջնել արդարադատության սուրը։ Բայց արժե նաև հիշել, որ Սարգսյանների ընտանիքն այսօր գործող իշխանությունների քաղաքական հակառակորդների շարքում է, ուստի պետք է օրենքի բառն ու տառը խստորեն պահպանվեն, և մեղադրանքներն առաջադրելիս վրիժառության զգացումով չառաջնորդվեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում