Հասարակություն Ֆեյսբուք 

Ոստիկանությունը դեռ չի հասկացել մի շատ կարևոր բան. Ինչո՞ւ են ոստիկանները ներխուժում փաբեր

Քաղաքագետ Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պաշտպանություն փաբերի և փաբագնացների:
ՈՒրեմն, եկեք հասկանանք, թե ինչ է եղել: Ես Հայաստանում չեմ, բայց որքան կարող եմ ըստ ֆեյսբուքի դատել, հետևյալ պատկերն ա ստացվում: Ուրբաթ գիշեր, երբ աշխատանքային շաբաթվանից հոգնած մարդիկ գնում են փաբ՝ մի քիչ հանգստանալու ու թուլանալու, մեկ էլ հայտնվում ա ոստիկանությունը, և հարամում հարյուրավոր մարդկանց հանգիստը: Ավելին, այդ պրոցեսը մի հատ էլ տեսագրվում ա, չնայած փաբի այցելուները բնականաբար իրենց համաձայնությունը չեն տվել, որ նրանք լինեն տեսագրությունների մեջ: Եվ ոչ դրանից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո, որևէ բացատրություն չի տրվում, թե ինչ էր ուզում ոստիկանությունը, ինչ էին ստուգում, ինչ էին փնտրում, ինչ տեղեկության հիման վրա և այլն: Եթե այդպիսի բացատրություն եղել է, խնդրում եմ, գրեք, ես առավոտվանից հետևում եմ ֆեյսբուքի քննարկումներին, նման բան դեռ չեմ տեսել:
Այսինքն, ինչ է ստացվում: Ոստիկանությունը կարող է ցանկացած պահին, միայն իրեն հայտնի պատճառներով, ներխուժել (հա, թեկուզ շնորհքով ներխուժել) մասնավոր սեփականություն հանդիսացող վայր, փչացնել մարդկանց երեկոն, և որևէ բացատրություն չտալ, թե որն էր խնդիրը, և ինչու էր պետք հենց այսպես վարվել: Եթե խնդիրը բարձր երաժշտությունն էր, ոնց եղավ, որ բոլոր փաբերում միաժամանակ հարևանները գանգատվեցին, և ինչու էր պետք այդպիսի «աբլավա»  կազմակերպել, երբ ընդամենը կարելի էր մեկ ոստիկան ուղարկել, ով կխնդրեր իջեցնել ձայնը և նրան կենթարկվեին: Եթե կար տեղեկատվություն, որ թմրանյութ կամ ինչ-որ այլ բան կա, ինչու են միանգամից բոլոր փաբերը մտնում, այլ ոչ թե կոնկրետ տեղեկության հետևից գնում և կոնկրետ «բառիգին»  ձերբակալում: Մի խոսքով ահագին հարցեր են առաջանում, որոնց պատասխանը չի տրվում:
Այսքան մարդու հանգիստը հարամելը կարող էր հիմնավորված լինել, միայն եթե ասենք տեղեկատվություն լիներ, որ փաբերից մեկում Իսլամական Պետությունը պատրաստվում է ռումբ պայթեցնել: Կամ ծայրահեղ դեպքում, եթե ստուգումների ընթացքում հայտնաբերվեր մի տոննա հերոին: Բայց որևէ նման բան մենք չենք լսել:
Ինձ թվում է, ակնհայտ է, որ նորմալ երկրում, որտեղ մարդկանց իրավունքներն ու ազատությունները հարգվում են, նման բան լինել չի կարող:
Հա, իհարկե, ոչ մի ողբերգություն չի եղել: Բայց այս միջադեպը վկայում է նրա մասին, որ ոստիկանությունը դեռ չի հասկացել մի շատ կարևոր բան: Որ ոչ թե քաղաքացիներն են ոստիկանության համար, այլ ոստիկանությունն է նրա համար, որ ծառայի քաղաքացիներին, ապահովի նրանց անվգանգությունը և հանգիստը: Եվ ոստիկանությունը, կարգ ու կանոնը պաշտպանելիս, պետք է այնպես անի, որ որևէ հանցանք չկատարած քաղաքացին չտուժի ոստիկանության գործողություններից: Եվ այդ առումով, այն քաղաքացիները, ովքեր օրենքի շրջանակներում և շատ շնորհքով գնում են փաբեր ու մինչև առավոտ խմում են, նույնպիսի հարկ վճարող քաղաքացիներ են և ոչնչով պակաս չեն այն քաղաքացիներից, ովքեր ասենք օպերայի և բալետի թատրոն են հաճախում: Շատ կարևոր է, որ ոստիկանությունը սա հասկանա, և այսուհետ իր գործողությունների մեջ դա հաշվի առնի: Իսկ կոնկրետ այս միջադեպի առումով, կարծում եմ, ոստիկանությունը պետք է առնվազն բացատրություններ տա և ներողություն խնդրի այն մարդկանցից, ում հանգիստը խանգարել է» :

Նույն շարքից