Բոլորն օրենքի առաջ հավասար են, և կապ չունի, թե հետաքննությունն ում կհանգեցնի, վերաբերմունքը դրանից չպետք է փոխվի: Դատախազության օրվա առթիվ միջոցառման ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ բացահայտումների շղթան հասնի նաև նախկին նախագահներին, ասել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով դատարանների գործունեության և մասնավորապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ վարչապետը նշել է, թե ուզում է հավատալ, որ և դատարանները, և դատավարությանը ներգրավված սուբյեկտներն ամեն ինչ ճիշտ են անում, անում են իրենց իրավասությունների շրջանակներում և օրինականությունը պաշտպանելու նկատառումով:
Վարչապետի խոսքերով, եթե կառավարությունը որևէ սպառնալիք տեսնի, օրենքով կարգավորված ձևերով և քաղաքական ազդեցությամբ կմիջամտի, որի անհրաժեշտությունը հիմա չկա:
Ինչ վերաբերում է ընտրությունների ժամկետներին և նրան, թե ինչ ֆորմատով է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում մասնակցել դրանց, վարչապետը նշել է, որ ժամկետների մասին արդեն մոտավորապես ասվել է՝ մեկ տարվա ընթացքում այն օրվանից երբ հայտարարվել է այդ մասին. «Կոնկրետ ժամկետն իհարկե կախված է նաև քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից: Ինչ վերաբերում է մեր կուսակցության մասնակցության ձևաչափին, ապա հիմա քննարկումներ են ընթանում, որոշում դեռևս չկա»:
Փաշինյանը հայտնել է, որ քննարկումներն առայժմ ԵԼՔ դաշինքի շրջանակներում են:
Վարչապետը խոսել է նաև սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանին կուտակումներ կան և հավելել, որ ԶՈւ-երին հրաման է տվել պատրաստ լինել ցանկացած սցենարի: