Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցել է, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարել է անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաև՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում և ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենն իր զեկույցում նույնպես անդրադարձել է բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշել է, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվել է մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը և ներկայացնել արդյունքները: