Քաղաքական 

Չկա ոչ մի խոչընդոտ որևէ եվրոպական երկրի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25-27-ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին:

Ինչպես հուլիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձև: Դրան որպես համահեղինակ՝ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որևէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար: Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչև Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի:

Վեհաժողովում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին հավատարիմ մնալը:

Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետևանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարևորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային և թե՛ ազգային մակարդակներում:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ-դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացումների, ինչպես նաև առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ վեհաժողովում հայ պատգամավորներն ադրբեջանական պատվիրակության հետ լարվածություն չեն ունեցել և հանդես են եկել կառուցողական ելույթներով:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է մեր երկրի նկատմամբ: Մասնավոր զրույցներում եվրոպացիները կարծիք են հայտնել, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն է ստացել և նոր հաջողություններ կգրանցի:

 

Նույն շարքից