Տնտեսություն Բարի օր 

Սա կարելի է համարել ամենաթողության նշան. «Լիդիան» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյան

Լիդիանը դիմել է իրավապահ մարմիներին, սակայն ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ համաչափ գործողություններ՝ ճանապարհները բացելու առումով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը: Նա նաև նշեց, որ որպես իրավաբան, կարծում է, որ  Ամուլսար տանող ճանապարհը փակած մարդկանց գործունեությունում կա քրեական օրենսգրքով սահմանված որոշակի հոդվածներով սահմանված հանցակազմի դրսևորումներ. «Մենք հորդորել ենք, գրել ենք կառավարությանը, ոստիկանությանը, որ այս անձանց նկատմամբ իրականացվի օրենսդրությամբ նախատեսված գործողություններ, որպեսզի այս պահին բացվեն այդ ճանապարհները, ու ընկերությունը կարողանա իրականացնել իր աշխատանքները: Յուրաքանչյուր օր ընկերությունը կրում է վնասներ»,- նշեց Մելքումյանը:

Նա նաև ասաց այն մասին, որ ոստիկանությունը փաստացի անգործություն է դրսևորում. «Չկան այն բավարար գործողությունները, որ իրացվեն ընկերության իրավունքները: Այս պահին մեր 1500 աշխատակիցները չեն կարողանում աշխատել, սա կարելի է համարել ամենաթողության նշան, այսինքն՝ կա 10-15 հոգի, որոնց գործողությունները Քրեական օրենսգրքի հանցագործություններ են, որոնք պետք է հետապնդվեն, ոստիկանությունը պետք է բավարար գործողություններ իրականացնի այդ ուղղությամբ: Իրավաբանական անձանց կողմից դիմում ստանալու դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել մարդկանց օրինական գործունեության իրավունքը, բայց այս պահին չկան այդ բավարար գործողությունները, վարչապետի կոչին են սպասում»,- ասաց Արմեն Մելքումյանը:

Ինչ վերաբերում է նախօրեին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիային, որը կազմակերպել էին ընկերության աշխատակիցներն՝ ընդդեմ Ամուլսարը փակած ակտիվիստների, Մելքումյանը նշեց, որ «Լիդիան» ընկերությունն ուղղակի աջակցել է  այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ էլ ունեն իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք: Նա համոզված է, որ հանքավայրի տարածքում ընկերության լիազորության  իրականացման ապահովումը կառավարության դաշտում է:

Վերջինս նշեց, թե հանքի վնասակարության հետ կապված առարկայական խոսակցություններ չկան, ավելին՝ որոշ հայտարարություններ նա սին որակեց. «Նպատակն է՝ զուտ վարկաբեկել ընկերության բարի համբավը: Ընկերությունը շուրջ 12 տարի գործունեություն է ծավալում»:

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյան ասաց, որ միջազգային փորձագետները նշել են, որ «Լիդիան» ընկերության աշխատանքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային սերտիֆիկատներով ենթադրվող պայմաներին. «Նրանք չգիտեին այդ ամենի մասին, եկան, համոզվեցին: Արդարությունը կվերականգնվի, խոհեմ կգտնվեն այդ մարդիկ, ոստիկանները խոհեմ կգտնվեն, եթե չէ, ապա կա միջկառավարական ընկերության ու բաժնետերերի նկատմամբ միջկառավարական երեք համաձայնագիր, որոնց համաձայն՝ Հայաստանը ստանձնել է ներդրումների պաշտպանությունը: Յուրաքանչյուր բաժնետեր 400 մլն դոլար է ներդրել, եթե չլինեն այդ քայլերն ու գործիքակազմը, եթե չի պաշտպանվում ներդրողը, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմելու համապատասխան արբիտրաժային դատարան՝ իր ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու նպատակով: Ընկերությունն ակնկալում է, որ կվերականգնվի արդարությունը: Մենք չենք ասում, որ ընկերությունը կդիմի  դատարան, բայց չենք կարող բացառել, որ որևէ բաժնետեր կարող է դիմել»,- նշեց  Արմեն Ստեփանյանը:

Նույն շարքից