ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առթիվ:
Ռիչարդ Միլսի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարևորել է հայ-ամերիկյան բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին դեսպանություն այցի կապակցությամբ` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է. «Մեր երկու երկրների միջև ամուր հարաբերություններ են, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների վրա, և ես գիտեմ, որ կապերն հասնում են մինչև ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր սերտ կապեր ունեն Ձեր Ազգային ժողովի շատ պատգամավորների հետ: Պատիվ է այսօր Ձեզ այստեղ ընդունել ամերիկյան ժողովրդի անունից, իսկ երեկոյան մենք կնշենք մեր Անկախության տոնը Հայաստանի ժողովրդի հետ միասին»:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանն ընդգծել է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարևորությունը, ինչպես նաև այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` ազատ և արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը:
Դեսպանի հետ զրույցում Արա Բաբլոյանը նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի, կենդանի ուժի կուտակումների հետ կապված: ԱԺ նախագահը շեշտել է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական կողմի ցանկացած փորձ լրջագույն վտանգ է դառնալու տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: