Այս օրերին Ռուսաստանում ընթանում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին հետևում է ամբողջ աշխարհն ու նաև հայ հասարակության մեծ մասը։ Այս առիթով Analitik.am-ը հարցում է անցկացրել հայտնի մարդկանց շրջանում՝ պարզելու համար՝ հետևում են Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին և ո՞ր հավաքականին են երկրպագում։
Երգահան, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանն ասաց, որ խաղերը դիտում է որպես զվարճանք. «Չունեմ հատուկ ֆավորիտ, բայց ուրախանում եմ երբ ավելի քիչ ճանաչում ունեցող ենթավերնագրային երկրները հաղթում են այն երկրներին, որոնք հայտնի են իրենց ֆուտբոլով, քանի որ ես միշտ կարծրատիպեր ջարդելու կողմնակից եմ»։
Երգչուհի Մարինե Մանասյանը հայտնեց, որ կոնկրետ ոչ մի թիմի չի երկրպագում, բայց հույսով է, որ Բրազիլիան կհաղթի. «Կարելի է ասել, որ չեմ հետևում, բայց Ռուսաստան-Իսպանիա խաղը դիտել եմ»։
Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն էլ նշեց, որ հետևում է շատ սիրողական մակարդակով և հիմնականում գոլերն է փորձում բաց չթողել. «Թեկուզ արդեն մյուս օրը կրկնությամբ, բայց աշխատում եմ անպայման դրանք տեսնել, բայց որ հիվանդագին նստեմ ինչ-որ խաղ նայեմ, դեռ այս առաջնությանը նման բան չի եղել։ Միգուցե, եթե Բրազիլիան եզրափակիչում լինի, այդ խաղը լրիվ կնայեմ։ Ֆավորիտներիցս Իսպանիան և Գերմանիան, ցավոք, արդեն դուրս են մնացել պայքարից և հիմա ամբողջ ուշադրությունս Բրազիլիայի վրա է»։
Պարզեցինք նաև, որ երգչուհի Անահիտ Շահբազյանը չի հետևում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, բայց իր ընկերները գրեթե վստահ են, որ չեմպիոն դառնալու է Ռուսաստանը։
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանն էլ ասաց, որ մոլի երկրպագու չէ. «Իհարկե մոլի երկրպագու չեմ, բայց քանի որ ամբողջ ազգը, ամբողջ աշխարհն այս ֆուտբոլով տարվել են, անկախ մեզանից մեր օրը ֆուտբոլի մեջ է անցնում, ուզենք թե չուզենք, ինչ-որ տեղ, ինչ-որ չափով մասնիկ ենք կազմում երկրպագուներին։ Թերևս, տանն ունեմ լուրջ երկրպագու՝ տղաս, ով իսկապես շատ սիրում է ֆուտբոլը և գրեթե ամեն օր տանը ընկերների հետ հավաքվում են և համակրում ֆուտբոլը։ Ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի հավաքականին, որովհետև բավականին լուրջ արդյունքներ է ցույց տալիս, երբևիցե նման արդյունքներ չեն ունեցել իրենք, իսկ ինչ վերաբերում է հաղթանակին, կարծում եմ՝ կամ Բելգիա կամ Բրազիլիա, որովհետև երկուսն էլ ամուր հավաքականներ են, ամեն դեպքում իրենց խաղը շատ հետաքրքիր է լինելու, չնայած Ֆրանսիան ևս մեծ շանսեր ունի հաղթելու, բայց կարծում եմ՝ ավելի շատ Բրազիլիա։ Ինձ համար երկրագնդի լավագույն ֆուտբոլիստ հասկացությունը, միակը Հենրիխ Մխիթարյանն է, մնացածը՝ պարզապես սովորական»։
Երգիչ Գևորգ Բարսամյանն էլ ասաց, որ անշուշտ հետևում է խաղերին և երկրպագում է Խորվաթիայի հավաքականին։
Դերասան Վիգեն Ստեփանյանը նշեց, որ իր երկրպագած թիմը հաղթանակ տարավ «Երեկ իմ երկրպագած թիմն անհավանական հաղթանակ տարավ, խոսքս Բելգիայի ընտրանու մասին է։ Բայց հետո ինչ եմ անելու՝ չգիտեմ, քանի որ Բելգիան հանդիպելու է իմ մյուս սիրած թիմի՝ Բրազիլիայի հետ»։
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն էլ է հետևում ֆուտբոլին. «Հետևում եմ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին և երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին։ Բելգիան էլ լավ թիմ է, գեղեցիկ խաղ էր»։
Պարզեցինք նաև, որ երգիչ Ռուբեն Սասունցին երկրպագում է Արգենտինայի հավաքականին։
Դերասան Աշոտ Հակոբյանն էլ ասաց, որ հետևում է և միշտ երկրպագել է Գերմանիայի հավաքականին։
Դերասան, երգիչ Ավո Խալաթյանն էլ նշեց, որ միշտ երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին։
Երգիչ Ջոնի Կարապետյանը երկրպագում է Անգլիայի հավաքականին, իսկ դերասան Նարեկ Կտոյանն էլ երկրպագում ու հավատում է Ռուսաստանի հավաքականի հաջողությանը։