Աեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ ունի նախկին պաշտպանության նախարարը, ով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով:
Խոսելով Միքայել Հարությունյանի մասին, ով Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Խաչատրյանն ասաց, որ նա գտնվում է արտերկրում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՔԾ պետն ասաց, որ վերջինիս հարցաքննության համար ծանուցագիր է ուղարկվել: Քոչարյանն ունի վկայի կարգավիճակը:
Այլ հարցերի Խաչատրյանը չպատասխանեց՝ հայտարարելով, որ հարցաքննության են կանչվելու բոլոր նրանք, ում հարցաքննությունն անհրաժեշտ է գործը բացահայտելու համար՝ հավելելով, որ հասարակությանը կտրամադրվի այն ծավալով ինֆորմացիա, որը չի խանգարի գործի բացահայտմանը:
ինչ վերաբերում է հարցին, թե չի վախենում արդյո՞ք ինքն իր և իր ընտանիքի անվտանգության համար՝ ՀՔԾ պետը բացասական պատասխան տվեց, հայտարարելով՝ եթե թիմն աշխատում է բացահայտումների ուղղությամբ, թիմից մեկ անդամի շարքից դուրս բերելը որևէ բան չի տա:
ՀՔԾ պետը պատասխանեց նաև այն հայտարարություններին, որ Միքայել Հարությունյանը մեղադրվում է մի հոդվածով, որը 2008թ․-ին գոյություն չի ունեցել: Խաչատրյանն ասաց, որ Սահմանադրական կարգի տապալման մասին այն ժամանակ խոսվել է այլ հոդվածում: