Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարությունը գործադիրի նիստի ժամանակ ընդունեց վարչական համաներման մասին նախագիծը: Նախագծով նախատեսվում է համաներում տարածել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված մի շարք իրավախախտումների վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հատուկ նշեց, որ այս որոշումը չի տարածվելու բոլոր խախտումների վրա: Բացի դրանից, վարչապետը հայտարարեց, որ վարորդները պետք է դեռ սպասեն մինչև Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունմանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտնեց, որ համաներումը չի տարածվելու օրինակ այն վարորդների վրա, ովքեր համարանիշը տվել են ուրիշին, հարբած վիճակում մեքենա են վարել և այլն:
Վարչապետ Փաշինյանը նաև հայտնեց, որ իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ են կատարվելու, տուգանքների չափերը նվազելու են, բայց միևնույն ժամանակ կբարձրացվի երթևեկության մասնակիցների կարգապահությունը:
Կառավարության անդամները նաև համաձայնության եկան, որ մինչև նախագիծն ԱԺ ուղարկելը պետք է օրենքում որոշակի փոփոխություններ կատարել: