Հասարակություն 

Երեխաները կարող են հաշմանդամություն ձեռք բերել. Նախարարը՝ առանց լիցենզիայի դպրոցների մասին

Այն դպրոցները, որոնք չեն ունեցել լիցենզիա,  դիմել են այն ստանալու համար և համապատասխան մասնագետները հետևում են այդ պրոցեսին: Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ փորձ է արվում գտնել լուծումներ:

Նախարարը նշեց, որ այս տարի մեղմ մոտեցումներ կլինեն,սակայն հաջորդ տարի այլ կերպ կլուծվի հարցը. «Առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցում կլինի, ինչը թույլ չի տա դպրոցներին ունեցած լիցենզիաներից ավել աշակերտներ ընդունել»:

Հարությունյանի խոսքերով, այս պահին կա 4 դպրոց, որտեղ նման խնդիր կա, սակայն կան մի քանի տասնյակ դպրոցներ, որտեղ խնդիրներ կան. «Հիմա ես հանձնարարել եմ այն դպրոցների ցուցակներն ինձ տրամադրել, որտեղ օրինակ ավագ դպրոցն առանց համապատասխան լիցենզիաների իրականացնում է ավելի կրտսեր դասարանների աշակերտների ընդունելություն և դասապրոցես է կազմակերպում: Ես հանձնարարել եմ ստուգումներ անցկացնել»:

Հարցին, թե ինչու են ավագ դպրոցներում ավելի փոքր տարիքի աշակերտների ուսուցում կազմակերպել, նախարարն ասաց՝ քանի որ ավագ դպրոցներում չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավվել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունն ապահովել լիցենզիայից դուրս կրթական ծրագիր իրականացնելով:

Հարությունյանի խոսքերով, երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունվում, դա անմիջականորեն ազդում է երեխաների առողջության վրա, քանի որ լինում է տարածքի պակաս՝ այդտեղից բխող բազմաթիվ բացասական հետևանքներով. «Բացի դրանից, կրտսեր դասարանների երեխաներն օգտվում է ավագ դասարանների աշակերտների նստարաններից, որոնք հարմարեցված չեն կրտսեր դասարանների երեխաների համար: Այստեղից կարող է հաշմանդամություն լինել, ողնաշարի հետ կապված խնդիրեր լինեն և այլն»:

Նախարարը պնդում է, որ այս խնդիրները հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով:

 

Նույն շարքից