Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցա Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
Ողջունելով դեսպան Սվիտալսկիին` նշեցի, որ հիմնվելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարուստ փորձի եւ գործընկերային հարաբերությունների վրա, մենք պատրաստ ենք շարունակաբար ամրապնդել համագործակցությունը Եվրոպական Միության հետ, ինչպես քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման եւ կիբեռանվտանգության ոլորտներում:
Դեսպան Սվիտալսկին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել:
Դեսպան Սվիտալսկին նաեւ մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության առնչությամբ. համակարծիք էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:
Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է իմ մտահոգությունը կապված Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: