ՀՀ Ազգային ժողովում ներկայացված չորս՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է հունիսի 20-ին ընտրական օրենսդրության բարեփոխումների համար, հուլիսի 4-ին գումարել է անդրանիկ նիստը:
Քննարկմանը չեն մասնակցել ՀՀ կառավարությունում նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչները, թեև, ինչպես նշել է նիստը վարող Դավիթ Հարությունյանը, հրավերն ուղարկվել է հունիսի 21-ին:
Խորհրդարանական աշխատանքային խմբից «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն առաջարկել է իրեն դիտարկել նաև որպես կառավարության աշխատանքային խմբի անդամ, քանի որ, ըստ էության, իրենց առաջարկները միմյանցից գրեթե չեն տարբերվում:
Նախատեսվում է, որ խորհրդարանական աշխատանքային խումբը կքննարկի ինչպես ԱԺ խմբակցությունների, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները: Մասնավորապես, կքննարկվեն արտախորհրդարանական այն ուժի առաջարկները, որոնք հավանության կարժանանան խորհրդարանական գեթ մեկ խմբակցության կողմից: Նախընտրելի է համարվել նաև այն, որ տվյալ քաղաքական ուժը պետք է մասնակցած լինի վերջին երկու համապետական ընտրություններին:
ՀՀ ընտրական օրենսգրքի փոխման նպատակով այսօր իրենց առաջարկներն են ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Հինգ առաջարկություն ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, 10-ը՝ ՀՅԴ-ն:
Ինչպես նշել են աշխատանքային խմբի անդամները, առաջարկների նպատակն է բացառել ընտրակեղծիքներն ու հնարավորինս բարելավել Ընտրական օրենսգիրքը:
Այսպես՝ ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու միջոցով: ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն քվեարկության խցիկում: Առաջարկվում է նաև տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը նախատեսել միայն նույնականացման քարտերի միջոցով, ապահովել նաև քվեարկության հեռարձակումն ընտրատեղամասերից, ինչը կմեծացնի հանրային վստահությունը:
Մեկ այլ առաջարկությամբ հանրապետականներն առաջարկում են քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ գրանցված ընտրողների վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրել ՍԵԿՏ համակարգում առկա տվյալների հետ՝ նախատեսելով ուսումնասիրություն անցկացնելու մեխանիզմ, եթե կլինեն անհամապատասխանություններ:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է վերացնել գործող տարածքային ռեյտինգայինը և անցնել ընտրությունների բաց ցանկերով համապետական միասնական համակարգի: Առաջարկվում է նվազեցնել կուսակցություններին կամ վերջիններիս դաշինքներին տրվող մանդատների առավելագույն՝ 2/3 շեմը մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ սա հնարավորություն կտա, որպեսզի ընտրություններում հաղթող կուսակցությունը խորհրդարանում չունենա 60 տոկոսից ավելի մանդատ:
ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է վերանայել հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոյի կողմից անվճար տրամադրվող եթերաժամերի քանակն ու հեռարձակման ժամերը, վերանայել և ավելացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը, ստեղծել բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանց, նախընտրական քարոզարշավի ժամանակ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների իրականացումը և բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումն այս կամ այն կերպ կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին կամ թեկնածուների անուններին և այլն:
Աշխատանքային խումբը հաջորդ նիստը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին: