Եթե Ռուսաստանը փորձ անի միջամտել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ամերիկյան կողմը ստիպված կլինի դիմել «դրակոնյան միջոցների»: Այս մասին հայտարարել է Մոսկվայում այցով գտնվող ամերիկացի սենատոր Ջոն Նիլի Քենեդին:
«Մենք զգուշացրել ենք մեր զրուցակիներին. Եթե Ռուսաստանը շարունակի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին և դա անի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների ժամանակ, մեր արձագանքը լինելու է շատ արագ և դաժան»,-հայտարարել է Քենեդին:
Սենատորը չի ասել, թե ինչ է հասկանում «դրակոնյան մեթոդներ» ասելով, սակայն նշել է, որ ամերիկյան կողմի քայլերը կախված են լինելու Ռուսաստանի գործողություններին. «Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել: Ես անձամբ ցանկանում եմ դա: Սակայն հարաբերությունները լավացնելու համար, ռուսական իշխանությունները պետք է փոխեն իրենց վարքը»:
Հավելենք, որ ամերիկացի սենատորները Ռուսաստան են մեկնել հունիսի 30-ին: