ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, կառավարության գործունեությանը:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ մեր պետության մեծագույն խնդիրն այն է, որ հնարավորությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան երկրի առջև ծառացած մարտահրավերները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարևորել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում քաղաքական բոլոր ուժերի միասնական ու համախմբված գործունեությունը, ինչը և մշտապես իրականացվել է արտաքին քաղաքական հարթակներում:
«Ես պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացումը, երկրում անհանդուրժողականության մթնոլորտի վերացումը և միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո առկայությունը:
«Մեր նոր սերնդի առաքելությունը պետք է լինի ապրել ու արարել հայրենիքում: Հայաստանն առանձնահատուկ երկիր է և պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը երեք տարի հետո թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: