Հայաստան Քաղաքական գլխավոր 

Խորհրդարան մտնելը դարձրեք փաբ մտնելու նման բան. ՀՅԴ-ական պատգամավոր

Խորհրդարանում շարունակվում է ԸՕ-ի փոփոխությունները քննարկելու համար ստեղծված  ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի առաջարկած փոփոխություններից մեկն էլ վերաբերում է խորհրդանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում հայտնվելու համար անցողիկ շեմն իջեցնելուն:

Մասնավորապես առաջարկվում է կուսակցությունների դեպքում անցողիկ շեմ սահմանել 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում՝ 6 տոկոսը՝ այսպիսով անցողիկ շեմը նվազեցնելով 1 տոկոսով:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ անցողիկ շեմը կարելի է փոխել, եթե կա կարծրացած խորհրդարան, ամեն ինչ պարզ է և անհրաժեշտ է մի քիչ ֆրագմենտացիա մտցնել քաղաքական ուժերի մեջ, իսկ այսօր այդպես չէ: Բացի դրանից, Հարությունյանի կարծիքով, եթե ավելի ցածր շեմ լինի և ավելի քիչ ձայներ ստացած կուսակցություններն անցնեն խորհրդարան, պուճուրիկ խմբակցություններ կառաջանան, և հեռագայում կոալիցիա կազմելիս խնդիրներ կառաջանան. «Շեմը նվազեցնել դեռ վաղաժամ է: Խորհրդարանական երկրներում հակառակ ճանապարհով են գնում, բարձրացնում  են անցողիկ շեմ, որպեսզի խթանեն քաղաքական ուժերի կայացումը»:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքերով, փոփոխությունը քննարկման ենթակա է, քանի որ անհրաժեշտություն կա քաղաքական մրցակցությունը խթանելու: Բագրատյանը կարծում է, որ կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը, դրա համար կարելի է նույնիսկ ավելի իջեցնել շեմը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ, եթե անցողիկ շեմը բարձր է լինում, ձայների փոշիացում է տեղի ունենում, իսկ եթե շեմն իջեցվում է, փոշիացվող ձայների թիվն էլ է նվազում: Սակայն Ռուստամյանի կարծիքով, չպետք է շատ իջեցնել, 3 տոկոսը պետք է լինի նվազագույն շեմը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի խոսքերով, շեմն իջեցնելով ուղղակի հնարավորություն է տրվելու իրենցից ոչինչ չներկայացնող քաղաքական ուժերին հայտնվել խորհրդարանում, բայց ոչ կայանալ. «Դա մոտավորապես նմանվում է նրան, որ 3 հատ 8-ով ընդունվում են համալսարան, դառնում են բժիշկ ու սկսում են մարդ սպանել: Իսկ եթե խոսում ենք ձայները չփոշիացնելու մասին, դա ինձ համար հասկանալի է: Շեմի իջեցումը կուսակցությունների կայանալու հետ կապ չունի: Ավելին, եթե ուզում եք դրանք չկայանան, շատ իջեցրեք շեմը: Սարքեք խորհրդարան մտնելը փաբ մտնելուն հավասար բան»:

 

Նույն շարքից