Գեներալ Մանվելն իհարկե Արցախյան պատերազմի հերոս է: Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Այսինքն, եթե ինքը հիմա անօրինական որևէ բան կատարի, նշանակում է, որ Արցախյան պատերազմում որևէ բան չի արե՞լ»:
Խոսելով հրապարակված տեսանյութի մասին, որն արվել էր Մանվել Գրիգորյանի տանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ այն որևէ մեկին չէր կարող անտարբեր թողնել և դա հատկապես վերաբերում է երեխաների նամակների մասին. «Դրանք հոգեցունց կադրեր էին: Բայց ես նաև պաշտոնյա եմ և անթույլատրելի կերպով անմեղության կանխավարկածը խախտելով կառավարությունում էլ ասել եմ, որ ցույց տրված զինատեսակների թվում կային այնպիսինները, որոնք չէին կարող օրինական լինել: Սակայն տեսանյութում ցույց տրվող զենքերի մեծ մասը կարող են լինել օրինական»:
Հովհաննիսյանի խոսքերով, պետք է սպասել գործի զարգացումներին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ամեն տարի նախարարությունը տարբեր միջոցներ է տրամադրում ԵԿՄ-ին, սակայն ՊՆ-ն չէ, որ պետք է վերահսկողություն իրականացնի դրանց մասով, դրա համար կան այլ գերատեսչություններ:
Հովհաննիսյանը նաև չբացառեց, որ բացահայտումների շղթան կարող է հասնել պաշտոնյաների: