Հայաստան Քաղաքական 

Կուսակցությունները տպագրած քարոզչական նյութերը պետք է հանձնեն ՊՆ. ԵԼՔ

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 5-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկմանը տեխնիկական խնդիրների պատճառով չեն մասնակցում ՀՀ կառավարությունում ձևավորված Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչները: Նա առաջարկել է քննարկել կառավարությունում և խորհրդարանում նույն նպատակով ձևավորված խմբերի աշխատանքը որևէ ձևաչափով համատեղելու հարցը: Նիստի մասնակիցները կարևորել են մեկ միասնական նախագծի քննարկումը և ներգրավված բոլոր կողմերի փոխհամաձայնությունը:

Անդրադարձ է կատարվել նաև գործընթացին արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցության ձևաչափին: Որոշվել է վերջիններիս առաջարկների ներկայացման համար տրամադրել 15-օրյա ժամկետ. առաջարկները կքննարկվեն աշխատանքային խմբում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության 10 առաջարկները ներկայացրել է Լենա Նազարյանը: Առաջարկվում է զորամասերում առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: Կուսակցությունները տպագրած քարոզչական նյութերը պետք է հանձնեն ՊՆ, որտեղից այդ նյութերը բաշխվեն զորամասերով:

«Ելք»-ն առաջարկում է ԱԺ ընտրությունների ժամանակ հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ բանավեճերի կազմակերպում:

Մեկ այլ առաջարկով փորձ է արվում թույլ չտալ անձը հաստատող անվավեր փաստաթղթով քվեարկություն:

Քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանուցումներն առաջարկվում է փոխարինել առավել քիչ բյուջետային միջոցներ պահանջող մեթոդով:

Հաջորդ առաջարկները վերաբերվում են տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները տեսախցիկներով կահավորելուն, ընտրակաշառքի և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատիժը խստացնելուն, կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը նվազեցնելուն:

Ելքի մեկ այլ առաջարկով նախատեսվում է քվեարկած անձանց ցանկերի հրապարակում ոչ միայն ստորագրված ցուցակների, այլև էլեկտրոնային գրանցման սարքերի տվյալների հրապարակմամբ, որը կունենա որոնման հնարավորություն:

Առաջարկվում է նաև արգելել ընտրական հանցագործություններ կատարած անձանց և շահերի բախում ունեցողներին ՏԻՄ ընտրություններում լինել հանձնաժողովի անդամ, սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ին:

 

Նույն շարքից