Հայաստան Քաղաքական 

Ջհանդա՞մ, որ այդ շարքային կազմի մեջ կան վերադաս հաստիքների նշանակված զինվորներ. Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովում այսօր վերսկսվել են ԸՕ փոփոխությունների քննարկման համար ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի աշխատանքները, առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ծառուկյան» խմբակցությանը:

Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված առաջարկություններից մեկն էլ վերաբերում է զինծառայողների քվեարկության ժամանակ վերադաս սպայի ներկայությունն ընտրական տեղամասում արգելելուն:

Սռաջարկությունը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի համար անհասկանալի է. «Ի՞նչ ասել է վերադաս սպա: Ուզում եք ասել, որ որևէ սպա չի կարո՞ղ ներկա լինել: Իսկ ենթասպա կարո՞ղ է լինել, սերժանտ կարո՞ղ է լինել: Ջոկի կամ դասակի հրամանատարը կարող է լինել զինվորներից մեկը: Տվյալ զինվորը կարո՞ղ է ներկա լինել: Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք առաջարկում: Ուզում եք ասել, որ շարքային կազմն ու սպայական կազմը պետք է առանձի՞ն քվեարկեն»:

Բագրատյանը դրական պատասխան տվեց նախկին պաշտպանության նախարարի վերջին հարցին:

«Ջհանդա՞մ, որ այդ շարքային կազմի մեջ կան վերադաս հաստիքների նշանակված զինվորներ: Դա խնդի՞ր է, թե՝ ոչ: Իսկ ինչպե՞ս եք լուծելու զինվորների միջև ոչ պաշտոնական հեղինակությունների հարցը: Դուք առաջարկում եք մի բան, որը կյանքի հետ աղերս չունի: Սպան երբեք չի հետևում, թե ինչպես է քվեարկում զինվորը, իսկ եթե հետևելու լինի, դա կանի այլ զինվորի միջոցով, և դուք չեք կարող դա օրենքով կանխել: Հանձնաժողովի նախագահը, դիտորդը պետք է իրենց գործն անեն, ի՞նչ կապ ունի քվեարկողը սպա է, զինվոր, թե ենթասպա: Դա հարց չի լուծում: Դա միայն բարդացնում է քվեարկության գործընթացը»,-ասաց Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության մյուս ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ պետք է գրել ոչ թե «վերադաս սպա», այլ բացառել որևէ անձի վերահսկողությունը:

Կողմերն ընդհանուր հայտարարի եկան վերջին առաջարկության մասով:

 

Նույն շարքից